LAYOUT August 2017 #05 | Página 29

10.

Աքսոնոմետրիա

Գերմանացի հնագետ Մ. Ռայքեն Պերուում Նասկա անապատի գծերն ուսումնասիրելիս, լուսանկարը ՝
Բ. Չաթվինի
Երկչափ պատկերմանն առնչվող նախորդ դարի ուսումնասիրությունները մեծամասամբ նվիրված են հեռանկարի տեսությանը ՝ հիմնականում ընդունելով Է. Պանոֆսկու « Հեռանկարը որպես սիմվոլիկ ձև » 1 աշխատությունը ՝ որպես մտորումների սկզբնաղբյուր: Արդյունքում, սակայն, առաջ են գալիս այլ պատկերման ձևերին առնչվող տեքստեր: Մասնավորապես, Մ. Սկոլարին բարձրաձայնում է զուգահեռ պրոյեկտման համազոր կարևորությունը: 2 Եթե հեռանկարն իր իրական կիզակետով մատնանշում է որոշակի աշխարհայացքի առկայությունը, ապա աքսոնոմետրիան իր կեղծ կիզակետով ՝ ճիշտ հակառակը: Այսպիսով, ճարտարապետական ներկայացման ձևը դառնում է ընդգրկուն քննարկման առարկա, գրեթե առանձին գիտական ճյուղ:
Արևմտյան մշակույթում, չնայած հեռանկարի գերիշխանությանը, աքսոնոմետրիայի կիրառումը զարգացել է գրեթե զուգահեռաբար ՝ սկսած վերածննդի դարաշրջանից: Սակայն տեսականորեն այն սահմանվել է միայն 18-րդ դ. սկզբին առաջին հերթին ՝ որպես ռազմական քարտեզագրման գործիք, ապա բազմաթիվ այլ նպատակներով: Շուրջ դար ու կես տևած տարաբնույթ քննարկումները ճարտարապետական շրջաններում ամբողջ հարստությամբ արտահայտվեցին Օ. Շուազիի երեք աշխատություններում: 3 « Ճարտարապետության պատմություն » աշխատանքում գծագրերի բազմազանությունը սահմանափակ է, սակայն հատակագծերի, կտրվածքների և աքսոնոմետրիկ գծագրերի համադրումն ունեցավ հսկա ճանաչում ՝ ազդելով ճարտարապետական ներկայացման ձևերի զարգացմանն առ այսօր:
Ճարտարապետությունում աքսոնոմետրիայի կիրառման թերևս առավել հատկանշական բնութագիրը ներկայացրել է Ի. Ա. Բուան4 ՝ աքսոնոմետրիայի արդի կիրառման սկզբնակետ համարելով 1923թ. Դե Շտիլ ցուցահանդեսը Փարիզում ՝ Վան Դույսբուրգի և Վան Էեսթերենի հանրահայտ գործերով: Ըստ Բուայի ՝ աքսոնոմետրիայի կիրառությունը մինչ այդ պայմանավորված էր վերջինիս տեխնիկական հարմարությամբ, իսկ ահա արդի վարպետներն առաջնահերթ հետաքրքրված էին դրա ընկալողական երկիմաստությամբ: