06. Ճարտուսուցում
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Ի ՞ նչ պետք է սովորի ճարտարապետը համալսարանում ։ Այս հարցի պատասխանը ենթադրում է առաջին հերթին « ճարտարապետ » մասնագիտության բացատրությունը ։ Հարցը անիմաստ է թվում, բայց մասնագիտությունը կանգնած է բովանդակային ձևափոխման շեմին կամ, ավելի ճիշտ, ժամանակակից կյանքը արդեն իսկ փոխել է այդ բովանդակությունը, բայց արդյո ՞ ք այդ իրականությունը գիտակցված և մեկնաբանված է ։ Հազարամյակների ընթացքում « ճարտարության պետերը » կարծես նույն բանով էին զբաղված. կառուցում էին շենքեր, սակայն հին Եգիպտոսի, Միջնադարի, Վերածննդի կամ մոդեռնիզմի ժամանակաշրջաններում ճարտարապետների աշխատանքի փիլիսոփայությունը, գործիքները, հասարակական նշանակությունը խիստ տարբեր էին ։
Անցյալի վերլուծությունը չի տեղավորվի փոքրիկ ակնարկում, փորձում եմ հասկանալ ՝ ինչ է տեղի ունենում այսօր ։ Շինարարական տեխնոլոգիաների զարգացումը բերել է մի իրավիճակի, երբ ճարտարապետների դերը կարծես նվազել է, արդյունաբերական նոր համակարգերը թույլ են տալիս արագ և որակով կառուցել ցանկացած բարդության շենքեր, և բավական է համադրել պատրաստի հանգույցներն ու լուծումները ։ Կառույցը կարելի է դիտարկել որպես արդյունաբերական արտադրանք, իր, ինչպես կոշիկ, կահույք ։ Ապրելու մեքենայի գաղափարը զարգացել է և այսուհետ իրականություն է ։ Մի ՞ թե ճարտարապետը այլևս անելիք չունի ։ Իհարկե ո ՛ չ, ունի ։ Կարծում եմ ՝ ճարտարապետությունը, կատարելով ահռելի շրջան, ազատվելով արհեստի խեղդող կապանքներից և փոխանցելով տեխնիկական բարդությունները հաղթահարելու պարտականության մեծ մասը կից բնագավառների մասնագետներին, վերադարձել է ամենակարևոր խնդիրների լուծման առաքելությանը. առանձնացնել կյանքի համար մի հատված անվերջ տարածությունից, ուղղորդել լույսն ու կազմակերպել շարժումն ու դադարը ՝ ստեղծելով մարդկանց համար ապրելու ազդեցիկ միջավայր ։