LAYOUT April #1(13) | Page 10

3. Ճարտարիքային

# միտք

Ասում են, որ ճարտարապետությունը մեծահասակ մարդկանց մասնագիտություն է ։ Սակայն ինչպես ցանկացած ընդհանրացված դատողություն, այս մեկին էլ պետք է վերաբերվել կասկածով և քննադատաբար ։
Անշուշտ, ճարտարապետությունը բազմակողմ և բարդ մասնագիտություն է, և տարիների փորձը անհրաժեշտ է, քանի որ ոչ մի կրթական ծրագիր չի կարող ծանոթացնել բոլոր նրբություններին, ռիսկերին, հնարավոր իրավիճակներին, ու սա վերաբերում է ոչ թե ընդհանրապես նախագծելուն, այլ ինքնուրույն պատասխանատու ստեղծագործական աշխատանքին ։ Բայց վերջին տարիների տեղեկատվական տեխնոլոգիաների և շինարարական արդյունաբերության հեղափոխական զարգացումը չէր կարող չանդրադառնալ նաև ճարտարապետական գործունեության վրա ։ Նախագծման գործիքները փոխվել են, հեռանկարներ և ուրիշ պատկերներ գծելու ու մշակելու համար անհրաժեշտ տախտակ-թուղթ-քանոններին փոխարինել են վիրտուալ իրականություն ստեղծող թվային գործիքները, և եթե նախկինում աշխատանքային գծագրերի փաթեթը պատրաստվում էր ամիսներ շարունակ տասնյակ մարդկանց կողմից, այսօր այդ ժամանակը և մարդկային ռեսուրսները չկան և պետք էլ չեն ։ Բնականաբար, նույնիսկ դպրոցականները ավելի վարժ են տիրապետում թվային տեխնիկային, քան մեծահասակները ։ Փոխվել են նաև գործավարության և ձեռնարկատիրության սկզբունքները, և եթե առաջ նախագծային կազմակերպությունները բարդ կառավարման օղակներով և բազմաթիվ աշխատակիցներով ծանրաքաշ հիմնարկներ էին, այսօր նույնիսկ 2-3 հոգանոց ընկերությունները կարող են բավականին մեծ ծավալի աշխատանք կատարել ։
Այս տողերը կարդացողների մոտ տպավորություն կստեղծվի, որ իմ պատկերացմամբ ճարտարապետությունը սահմանափակվում է զուտ գծագրական տեխնիկական խնդիրներով ։ Իհարկե, այդպես չէ, համոզված եմ, որ սեփական ստեղծագործական ուղին գտնելու, որոշակի սկզբունքներ հասկանալու համար մեծ փորձն ու տարիների տաժանագույն աշխատանքը իսկապես անհրաժեշտ են, բացի դրանից, ինչպես մի զրույցում նկատեց մեծարգո ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, ճարտարապետությունը պետք է անել առանց շտապելու, կանգ առնելով, բայց ժամանակակից կյանքի արագությունը նման հնարավորություն չի թողնում ։
Իրականությունը չտեսնելը ինքնախաբեություն է ։ Այսօր մասնագիտական դաշտում աշխատում են երիտասարդ ճարտարապետներ, նորավարտ, երբեմն նույնիսկ ուսանող, որոնք արդեն ինքնուրույն պատվերներ են կատարում, նախագծում և կառուցում են, հիմնականում ինտերիերների ձևավորումներ, բայց նաև կառույցներ ամբողջությամբ ։ Այս ակնարկում չեմ անդրադառնում արդյունքին, որակին, պետք է գործեն հատուկ պետական կառավարման գործիքներ, որոնք արտոնագրման և վերահսկման տարբեր մեթոդներով կսահմանեն երաշխավորված որակի և անվտանգության պահանջները, սակայն ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում զուտ տարիքային շեմը չի կարող հանդիսանալ որակավորման չափանիշ ։
Երիտասարդացել են նաև պատվիրատուները. մի կողմից ՝ այսօր շատ են 20-30 տարեկան մարդիկ, ովքեր, լինելով առաջատար մասնագետներ տնտեսության արդի բնագավառներում, բավական միջոցներ են վաստակում, օրինակ, առանձնատներ կառուցելու համար ։ Մյուս կողմից ՝ կորպորատիվ պատվիրատուների ցանկում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հիմնադրված են և ղեկավարվում են երիտասարդների կողմից ։ Եվ համապատասխանաբար, այս պատվիրատուներին ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել հասակակիցների հետ ։
« ճարտարապետությունը պետք է անել առանց շտապելու, կանգ առնելով, բայց ժամանակակից կյանքի արագությունը նման հնարավորություն չի թողնում ։»