"Koriz" # 12 | Page 5

Նոր ծառայություններ Դիլիջանի « Հույսի կամուրջի » կողմից
« Հույսի կամուրջ » հասարակական կազմակերպությունն ավելի քան 20 տարի է, ինչ հիմնադրվել է Հայաստանում: Տավուշի մարզում կենտրոնը գործում է 17 տարի, և առաջինը բացվել է հենց Դիլիջանում` մի խումբ ծնողների միջնորդությամբ, որոնց երեխաներն ունեն հաշմանդամություն: 2014 թվականին « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ » բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ Վերոնիկա Զոնաբենդի, ինչպես նաև մի խումբ այլ բարերարների կողմից « Հույսի կամուրջ » ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղը հիմնովին վերանորոգվեց և հագեցվեց անհրաժեշտ գույքով: Այնուհետև կենտրոնը սկսեց երեխաներին ծառայություններ մատուցել ավելի մասշտաբային, ինտերակտիվ և հարմարեցված միջավայրում: Կենտրոնի հետագա զարգացման մասին մեզ պատմեց « Հույսի կամուրջ » ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ռուզաննա Արզումանյանը ։
-Տիկին Ռուզաննա, 2014 թվականին « Հույսի կամուրջը » վերաբացվեց ՝ հագեցաց նոր գույքով ու պայմաններով: Կպատմե ՞ ք, թե մինչ օրս ինչպիսի հաջողություններ եք ունեցել:
Ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ ՝ սկսած գույքային փոփոխություններից, օրինակ, ձեռք ենք բերել
հարմարեցված վերելակ, որը ևս նպաստում է կենտրոնի ծառայությունների որակի բարձրացմանը, մինչեւ մի շարք համայնքային միջոցառումների կազմակերպումը: Ունեցել ենք 4 խոշոր ցուցահանդեսվաճառքներ ։ 2017 թվականի հունիսի 1-ին Մշակույթի տանը կազմակերպեցինք ֆլեշ-մոբ տեղեկատվական ակցիաներ ծխելու եւ աղքատության դեմ, երեխաների իրավունքների եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության թեմաներով ։
-2016 թվականին կնքեցիք պայմանագիր Կրթության և գիտության նախարարության հետ, և բացի երեխայի ցերեկային կենտրոն լինելուց ՝ դարձաք նաև տարածքային մանկավարժական, հոգեբանական կենտրոն ։ Ի ՞ նչ է դա իրենից ենթադրում ։
Ըստ պայմանագրի մենք կարողանում ենք ծառայություն մատուցել Տավուշի մարզի բոլոր դպրոցներին ՝ գնահատել երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, վերհանել նրանց խնդիրները, ապա մատուցել համապատասխան ծառայություններ, միջամտել նրանց ծառայությունների իրականացմանը, ինչպես նաև`
վերահսկել դպրոցի կողմից կատարված աշխատանքները, կատարել վերապատրաստումներ: Դա բավականին մեծ ձեռքբերում էր « Հույսի կամուրջի » համար, քանի որ կարող ենք անընդհատ հետևել երեխայի զարգացմանը: Դիլիջան համայնքի 12 դպրոցների մոտ 400 ուսուցիչ վերապատրաստվեցին ։ Այժմ փորձում ենք երկու տարբեր ծառայություն մատուցել մեր համայնքին:
Ինչպիսի ՞ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում « Հույսի կամուրջին » հետագայում:
2018 թվականից սկսած մենք գնացել ենք բավականին լուրջ փոփոխությունների ։ Մեր ծառայությունները փորձում ենք դարձնել ավելի ընտանիքակենտրոն ։ Դուք գիտեք, մեր կենտրոն հաճախում են ոչ միայն հաշմանդություն ունեցող անձիք, այլև նաեւ մարդիկ, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, կամ ովքեր հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակներում, օրինակ, միակողմանի ծնողազուրկ երեխաներ, երեխաներ, ովքեր գտնվում են տատիկպապիկի խնամակալության ներքո: Նոր խմբակներ ենք ունենալու կենտրոնում ՝ մասնագիտական կողմնորոշում, ձեռներեցություն, անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև բժշկի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, իրավաբանի կողմից կմատուցվեն անվճար խորհրդատվություններ:
Լենա Խալաֆյան