"Koriz" # 11 | Page 4

Նկարչական մրցույթ ՝ հայկական դրամի 24 ամյակի կապակցությամբ
Նոյեմբերի 23-ին հաճելի թոհուբոհ էր տիրում Դիլիջանի « Գիտելիք հանուն զարգացման » կենտրոնում ։ Բոլորը շրջում, արվեստագետների հայացքներով զննում և մեծ հիացմունք էին ապրում ՝ երեխաների ստեղծագործական միտքը տեսնելով:
Այդ օրն իրականացավ հայկական դրամի 24 ամյակին նվիրված « Դրամը իմ պատկերացմամբ » խորագրով նկարչական մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը: Նախքան մրցանակաբաշխությունը, կազմակերպվել էր ցուցադրություն « Գիտելիք հանուն զարգացման » կենտրոնում, որտեղ տեղ էին գտել բոլոր մրցութային նկարները: Արդյունքների ամփոփման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Դիլիջանի ուսումնական հաստատություններից և ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնից: Մրցանակաբաշխությունը կատարվեց ժյուրիի պատվավոր ներկայացուցիչների կողմից:
« Մրցույթի կազմակերպման հիմնական շարժառիթն այն էր, որ երեխաների շրջանում ձևավորվի գիտակցություն այն բանի, որ դրամն ունի ոչ միայն տնտեսագիտական նշանակություն, այլ նաև իրենից ներկայացնում է մշակութային արժեք: Մինչ նկարներ ներկայացնելը երեխաներն այցելել են ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի դրամի թանգարան և մանրամասնորեն տեղեկացել հայկական դրամի ողջ պատմությանը ՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչև ներկայումս շրջանառվող եւ թարմացվող դրամների ստեղծումը: Գալով եզրահանգումների ՝ իրենց
պատկերացմամբ մեզ ներկայացրել են նկարներ, որոնք այսօր ցուցադրված են: Միջոցառումը կազմակերպված էր ազգային դրամի 24 ամյակի կապակցությամբ, և այն կազմակերպելով, մենք ուզում էինք, որ կրտսեր սերունդը գնահատի և հպարտությամբ վերաբերի այն բանին, որ մենք արդեն 24 տարի ունենք մեր անկախ հայկական դրամը: Ինչ վերաբերում է երեխաների ՝ աշխատանքները հետագայում դրամների ստեղծման գործընթացում ներդնելուն, կարծում եմ, որ դեռևս այս ամենը շատ « հում է » և հասունացման կարիք ունի, սակայն չի
բացառվում, որ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, կարող է կատարելագործվել և օրերից մի օր հայտնվել մեր դրամի վրա »,- պատմեց « Գիտելիք հանուն զարգացման » կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շիմշիրյանը:
Մրցանակաբաշխության արդյունքում հաղթողներ ընտրվեցին չորս անվանակարգերում.
1. Լավագույն պատկերագրություն անվանակարգում պարգևատրվեցին ՝
1-ին տեղ ՝ Ռիտա Մարտիրոսյանը, 2-րդ տեղ ՝ Ալիկ Հախվերդյանը:
2. Լավագույն ստեղծագործական մոտեցում անվանակարգում ՝
1-ին տեղ ՝ Աստղիկ Աբովյանը, 2-րդ տեղ ՝ Արտյոմ Արզումանյանը:
3. Պատկերագրություն և ստեղծագործական լավագույն համադրում անվանակարգում ՝
1-ին տեղ ՝ Աստղիկ Թամրազյանը, 2-րդ տեղ ՝ Ռիտա Մարտիրոսյանը:
4.« Հանդիսատեսի համակրանք » անվանակարգում հաղթեց Աստղիկ Պետրոսյանը:
1-ին տեղերը և « Հանդիսատեսի համակրանք » անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին « Արշակ Ֆեթվաճյան » արծաթե հուշադրամով, իսկ 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ՝ « Ճախարակ » արծաթե հուշադրամով:
Մրցույթի ամենակրտսեր հաղթողներից էր Դիլիջանի թիվ 2 դպրոցի աշակերտուհի, 9- ամյա Աստղիկ Աբովյանը, ով մեծ ոգևորությամբ և մանկական ուրախությամբ էր լցված մեր հետ զրույցի ժամանակ:
Առանձնահատուկ էր Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի կիրառական բաժնի ուսանողուհի, 18-ամյա Ռիտա Մարտիրոսյանի նկարը, որը պատվավոր հորիզոնականներ գրավեց միանգամից 2 անվանակարգում: Նա հաղթող էր ճանաչվել նաև նախորդ տարվա մրցույթում: Միջոցառման վերջում Ռիտան շնորհակալական ուղերձ հղեց միջոցառման կազմակերպիչներին:
Կորիզի թիմը նույնպես միանում է շնորհավորանքներին և մասնակիցներին մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Հեղինակ ՝ Մարինե Աբրահամյան, Դիլիջանի ավագ դպրոց
4