*** Էն օրը տուրիստներ էի տանում, հարցրեցին ՝ ձեր մոտ տոն ա ՞։ Ասի չէ, մեր ազգը խանութ գնալուց էլ ա պռտվում, կաբլուկ հագնում:
*** Գառաժում Բյուիկ ունեմ: Էտ ավտոյից Երևանում մենակ ես ունեմ, մեկ էլ ինչ-որ կենտրոնի բնակիչ, ով անխնա իրա Բյուիկը բաց երկնքի տակ ա կանգնացնում ՝ բակում: Ախր ափսոս ա է, էտ մեքենան բա տենց անխնա կպահե ՞ ն: Իմ Բյուիկը 1954 թվի ա: Հերս ժամանակին պաշտոնով մարդ էր, բերել ա տվել: Էտ ավտոն, որ էկավ, դաժե տուփի փայտը նենց որակով էր, որ հարևանը տարավ իրա տանը պառկետ խփեց դրանով: Հիմա մենակ կիրակի օրերն եմ Բյուիկով քաղաք գնում: Պահում, փայփայում եմ իրան: Էս մեքենան էլ առել եմ, որ մյուս օրերին տաքսի քշի:
|
Լևոն Խեչոյան, « Սև գիրք, ծանր բզեզ »
Հայաստանի անկախության շրջանի հավանաբար լավագույն արձակագրի լավագույն վեպը նաև հազվագյուտ գեղարվեստական աշխատանքներից է, որն անդրադառնում է Ղարաբաղյան պատերազմին( ավելորդ չի լինի նշել, որ Խեչոյանը տեսել է այն սեփական աչքերով)։ Վեպը պատերազմի կիզակետում հայտնված արվեստագետի և քաղաքացիական կյանքում նրա ապրումների մասին է ։ 1999 թվականին լույս տեսած « Սև գիրք, ծանր բզեզը » վերահրատարակվում է առաջին անգամ, և դա հրաշալի առիթ է դրան ծանոթանալու նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել ընթերցել վեպը ։ Ցավոք, « Սև գիրք, ծանր բզեզի » նոր հրատարակության տպաքանակն ընդամենը երկու հարյուր օրինակ է:
|
Ֆրեդերիկ Բեգբեդեր, « 99 ֆրանկ », Անտարես
2000-ականների ամենաաղմկահարույց եվրոպական վեպերից մեկը ՝ Ֆրեդերիկ Բեգբեդերի « 99 ֆրանկը »( շատերին ծանոթ կլինի նաև համանուն կինոնկարը ՝ Ժան Դյուժարդենի գլխավոր դերակատարմամբ) վերջապես լույս է տեսնում հայերեն ՝ Անտարեսի « Օտարագիր » շարքում ։ « 99 ֆրանկը » հատկանշվում է գովազդային բիզնեսի ՝ խելագար ու անհասկանալի այդ աշխարհի սպանիչ ծաղրով, աշխարհ, որտեղ բոլորը արհամարհում են միմյանց, և որտեղ անիմաստ կորչում է մարդկային հոգևոր ներուժը: « 99 ֆրանկը » նաև սադրիչ վեպ է ՝ գրված ժամանակի ոգով և բանավեճային տարերքով:
|
Նարինե Աբգարյան, « Մանյունյա »
Նախկին բլոգեր, իսկ հիմա հայտնի արձակագիր Նարինե Աբգարյանի ՝ Ռուսաստանում վաղուց բեսթսելեր դարձած « Մանյունյա » պատմվածաշարը առաջին անգամ հրատարակվեց հայերեն ։ Դատելով շնորհանդեսին ներկայացած հոծ բազմությունից ՝ Բերդ քաղաքի փոքրիկ բնակիչներ Մանյունյայի և Նարինեի ու նրանց ընկերբարեկամների արկածները երկար կյանք կունենան նաև հայալեզու դաշտում ։ Հեղինակի պնդմամբ, գիրքը նախատեսված է 0-ից 100 տարեկան երեխաների համար ։
|