ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Քաղաքացիներ
Ռանչպարների լանչը
Տարբեր մասնագիտությունների, տարիքի և նախասիրությունների երևանցիներ պատմում են, թե ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքային ընդմիջումները ։
Էսմերալդա Երիցյան
Ֆրիլանսեր, քաղցրակեր Ֆրիլանս եմ աշխատում ՝ թարգմանություններ եմ անում տնից: Թվում ա ՝ տանն աշխատելու պարագայում երբ ուզես, կարող ես ընդմիջում անել, բայց իմ դեպքում հեչ էդպես չի: Նախ ՝ երբեմն պատվիրատուն սպասել չի ուզում մինչև դու կընդմիջես, երկրորդ ՝ հենց նստեմ հացի, իմ 10-ամսական աղջիկն անպայման քնից կարթնանա ու նախ ինքը ուտել կպահանջի: Քմահաճ չեմ, սիրում եմ ցանկացած համով տնական ուտելիք և ցանկացած բան էլ հաճույքով կուտեմ, եթե պարզապես աղջիկս թույլ տա ինձ մարդավարի ուտել սեղանի շուրջ: Գիտեմ ՝ սխալ է, բայց գործով և երեխայի խնամքով պայմանավորված իմ, այսպես ասած, տնական ընդմիջումը շատ արագ եմ անում, ուտում եմ շուտասելուկի պես: Հիմա կան բաներ, որոնք ստիպված եմ չուտել, քանի որ կրծքով եմ կերակրում բալիկիս, օրինակ ՝ ցիտրուս, մեղր, շոկոլադ: Թարսի պես էլ շոկոլադն ու թխվածքն այն բաներն են, որոնցից գրեթե չեմ կարող հրաժարվել, քանի որ չափազանց քաղցրակեր եմ:
Հռիփսիմե-Սիմա Կարապետյան
Ռեժիսոր, գրեթե բուսակեր Գործիս բնույթից ելնելով ընդմիջում անում եմ, երբ ժամանակ ունենում եմ, իսկ հիմնականում ժամանակ չեմ ունենում: Առավոտյան 6-ին արթնանում եմ և երեկոյան 6-ին նոր իմ առաջին ուտելիքն եմ ուտում ՝ հիմնականում բանջարեղենային տաք ուտեստ, իսկ դրանից առաջ ՝ մաքսիմում մի խնձոր, նարինջ … հիմնականում միրգ: Ուրեմն Էլբակյանի մոտ էի աշխատում ՝ թատրոնում, միշտ ասում էր ՝ մի ՛ կերեք, ուտելուց հետո մի ՛ բարձրացեք բեմ, որովհետև ձեր ստամոքսը աշխատում ա, ուղեղը անջատվում ա: Բժշկական առումով չգիտեմ, բայց իմ դեպքում դա իրոք էդպես ա: Մտածում եմ ՝ ինչ որ ուտում ենք, էդ մեր էներգիան ա, էդ մենք ենք: Ոչ միայն ընդմիջման ժամին, այլ հիմնականում սնվում եմ միրգբանջարեղենով, բայց ինձ բուսակեր այդքան էլ չեմ համարում, քանի որ ամսվա մեջ լինում են օրեր, երբ ես հետևելով օրգանիզմիս պահանջին ՝ նաև միս եմ ուտում: Չգիտեմ դա ոնց է կոչվում, բայց ես հետևում եմ օրգանիզմիս պահանջին և սննդակարգ կազմում եմ նրա թելադրանքով: Պայուսակումս միշտ կա մանդարին կամ խնձոր, որովհետև հարմար ա գործի ընթացքում ուտել: Իսկ առհասարակ շատ սիրում եմ տապակած ծաղկակաղամբ ՝ սխտորով ու գազարով, բրոկոլին եմ շատ սիրում և տապակած լոռ:
44 45
Դեկտեմբեր 2017