Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 12

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
մեր հարաբերությունները, իմ գնահատմամբ, դուրս են եկել երկկողմանի հարաբերությունների մակարդակից և դարձել են ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններ ՝ դառնալով տարածաշրջանում կայունացնող կարևոր գործոն: Այսինքն, այլ խոսքով ասած, Հայաստանի Հանրապետությունը կարողանում է որոշ դեպքերում իրականացնել նաև աշխարհաքաղաքական դերակատարում, իհարկե, միայն տարածաշրջանային ձևաչափով: Այս նույնպես հազվադեպ է տեղի ունենում փոքր երկրների պարագայում:
Անդրադառնամ Սփյուռքի գործոնին: Մենք սովորաբար Սփյուռքի հետ մեր հարաբերություններն ընկալում ենք երկկողմանի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարթության վրա: Սակայն, իմ ընկալմամբ, Սփյուռքը ունի նաև մեկ այլ գործառույթ. դա աշխարհաքաղաքական դերակատարումն է, և պետք է ասել, որ անկախության տասնամյակների ընթացքում մի քանի դեպքում, իսկապես, Սփյուռքին հաջողվել է այս գործառույթն իրականացնել: Մասնավորապես դեռևս 1992 թ. ԱՄՆ-ի կողմից ընդունված « Ժողովրդավարության աջակցության ակտի » 907-րդ Ուղղումը, որն ընդունվեց Կոնգրեսի կողմից, Ամերիկայի հայկական կազմակերպությունների մեծագույն ջանքերի շնորհիվ հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ը զենք չի վաճառում Ադրբեջանին: Սա կարևոր աշխարհաքաղաքական գործոն է, և մինչև այսօր, չնայած ամերիկյան տարբեր կառավարություններ փորձել են շրջանցել այս Ուղղումը, բայց դա նրանց չի հաջողվել: Այն կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները սահմանափակելու տեսակետից:
Մյուս հանգամանքը, նույնպես աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող, այն է, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ հաջողվեց Կոնգրեսում անցկացնել որոշում, ըստ որի ՝ որ ամերիկյան կազմակերպությունները ֆինանսական օգնություն ցույց չեն տալիս Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին: Սա նույնպես աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ այս երկաթգծի հիմնական նպատակն է էլ ավելի դժվարացնել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, էլ ավելի մեկուսացնել Հայաստանը արտաքին աշխարհից:
12