"CC" NGO's Newsletters April_Newsletter | Page 6

Ի՞նչ է պետք տնտեսագետ-ուսանողին, եթե ոչ լայն հնարավորություններ` զարգացնելու մասնագիտական հմտությունները, ստանալու նոր գիտելիքներ տնտեսագիտության տարբեր ճյուղերից և, իհարկե, հնարավորություն` մասնագիտական ոլորտում որևէ առաջընթաց գրանցելու և սեփական ներդրումն ունենալու:

Այս մոտիվացիայով ակումբը շարժվել է ողջ ամսվա ընթացքում: Արդյունքում, Տնտեսագիտական ակումբի անդամները գործի են անցել մի քանի ուղղություններով: Սկսել ենք ամենասկզբից: Ինչպե՞ս է զարգացել տնտեսագիտական միտքը, ովքե՞ր են դասական տնտեսագիտության հիմնադիրները և ժառանգորդները: Իսկ ինչպիսի՞ պատմական զարգացումներ ունի տնտեսագիտությունը, որտե՞ղ են թաքնված դրա ակունքները:

Այս հարցերի պատասխանները տալու համար ակումբի անդամներից Ռոզա Մխիթարյանը սկսել է «Տնտեսագիտական միտք. հայտնի դասականները» խորագրով հոդվածաշար, որով արդեն իսկ ունենք 2 անդրադարձ` Ադամ Սմիթին և Դեյվիդ Ռիկարդոյին:

Ակումբի աշխատանքներից անմասն չեն տնտեսագիտական տարբեր թեմաներով քննարկումները, օրինակ՝ քննարկումները «Աղքատության ցուցանիշը ՀՀ-ում և հարևան պետություններում», «Ինֆլյացիան հիմա. սպասումներ և իրականություն», «ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 2016 - 2017 թվականներին» թեմաներով, որոնք ակումբի անդամներին օգնում են զարգացնել վերլուծական միտքը և պատճառահետևանքային կապեր գտնել տնտեսական տարբեր ցուցանիշների միջև:

6

Տնտեսագիտական Ակումբ

Այս ընթացքում մեր «ամենաերիտասարդ» ձեռքբերումներից էր նաև ակումբի անդամների կողմից ֆեյսբուքյան տիրույթում #հետաքրքիր_է_իմանալ հաշթեգով տնտեսագիտական թեմատիկայով շարքի ներկայացումը (որն անպայման ունենալու է շարունակական բնույթ), ինչպես նաև մակրոտնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած հայտնի տնտեսագետների մասին հրապարակումները: