Books Կարմրամորթ առաջնորդի փրկագինը | Page 9

— Իսկ ես ի՞նչ պետք է անեմ,— ասում է Բիլլը՝ կասկածամտորեն նայելով տղային։

— Դու իմ ձին ես լինելու,— ասում է հետախույզը։— Իսկ հիմա չո՛չ արա տեսնե՜մ։ Թե չէ առանց հեծկանի ո՞նց եմ սուրալու դեպի ամրոց։

— Կարծում եմ, լավ կլինի զվարճացնես նրան,— ասում եմ Բիլլին, — մինչև կարողանանք գլուխ բերել այդ գործը։ Մի քիչ կթռչկոտես և վերջ։

Բիլլը չորեքթաթ է անում ու նայում ինձ աչքերի այնպիսի արտահայտությամբ, ինչպես կնայեր ծուղակն ընկած նապաստակը։

— Այդ ամրոցը հեռո՞ւ է այստեղից, մա՛նչս,— խռպոտ ձայնով հարցնում է նա։

— Իննսուն մղոն,— ասում է հետախույզը։— Այն էլ իմացիր, որ պետք է արագացնես, որպեսզի ժամանակին տեղ հասնենք։ Դե՛, գնացի՜նք։

Հետախույզը ցատկում է Բիլլի մեջքին ու կրունկներով հարվածում նրա կողերին։

— Աստծո՛ւ սիրո՜ւն,— ասում է Բիլլը,— շո՛ւտ վերադարձիր, Սե՛մ, որքան հնարավոր է, շո՛ւտ։ Երանի հազար դոլարից ավելի պահանջած չլինեինք։ Է՛յ, դո՛ւ, հերիք ոտքերով խփես, թե չէ հիմա ոտքի կելնեմ ու մի լավ կքոթակեմ քեզ։

Ես ուղևորվեցի դեպի Փոփլար Քով։ Հասնելով այնտեղ, կանգ առա ու նստեցի փոստատան խանութի մոտերքում, զրուցեցի առևտուր անելու եկած ռամիկների հետ։ Մի մորուքավոր էլ ասաց, որ իր ականջին է հասել, թե «Երկնաքերը» ծայրեծայր իրարանցման մեջ է՝ երեցփոխ Էբենեզեր Դորսեթի որդու կորստյան կամ, ինչպես կարծում են շատերը, առևանգման պատճառով։ Դա այն ամենն էր, ինչ ցանկանում էի իմանալ։ Ես մի քիչ ծխախոտ գնեցի, հենց այնպես հարցրեցի, թե ինչ արժեր սիսեռը, նամակն աննկատելիորեն գցեցի արկղի մեջ ու գնացի։ Փոստի կառավարիչն ասաց, որ մի ժամից փոստատարը կգա ու փոստը քաղաք կտանի։

Ես վերադարձա քարանձավ, բայց ո՛չ Բիլլին տեսա, ո՛չ էլ տղային։ Զննեցի քարանձավի շրջակայքը, նույնիսկ սիրտ արեցի մեկ֊երկու անգամ ձայն տալ, բայց ոչ ոք չպատասխանեց։

Դե, ինչ արած, վառեցի ծխամորճս, բազմեցի ճմապատ հողաթմբին՝ սպասելով իրադարձությունների զարգացմանը։

Մոտավորապես կես ժամ անց թփերի մեջ խշխշոց լսեցի, իսկ հետո տեսա Բիլլին, որն օրորվելով մոտենում էր քարանձավի առջևի բացատին։ Նրա ետևից, խորամանկ ժպիտը դեմքին, հետախույզի պես քայլելով գալիս էր տղան։ Բիլլը կանգ առավ, հանեց գլխարկն ու կարմիր թաշկինակով մաքրեց դեմքը։ Մոտավորապես ութ ֆուտ հեռավորության վրա էլ փոքրիկը կանգ առավ։

— Սեմ,— ասում է Բիլլը,— դու, երևի, ինձ դավաճան համարես, բայց համբերությանս բաժակը լցվեց։