Books Կարմրամորթ առաջնորդի փրկագինը | Page 8

Էսկվայր Էբենեզեր Դորսեթին.

Մենք ձեր որդուն թաքցրել ենք «Երկնաքերից» հեռու մի ապահով վայրում։ Եվ դուք, և ամենահմուտ հետախույզները միայն զուր ջանքեր կգործադրեն, եթե փորձեն գտնել նրան։ Ձեր որդուն կստանաք այն դեպքում, եթե առանց երկմտելու կատարեք հետևյալ վերջնական պայմանները. նրան վերադարձնելու համար մենք պահանջում ենք հազար հինգ հարյուր դոլար։ Փողը ձեր պատասխանի հետ պետք է դրվի այսօր նույն տեղում, միևնույն տուփի մեջ, ինչպես ստորև կբացատրվի։ Եթե համաձայն եք նշված պայմաններին, ապա որևէ մեկի միջոցով ուղարկեք ձեր գրավոր պատասխանը այսօր, երեկոյան ութն անց կեսին։ «Բարդիների պուրակ» տանող ճանապարհի վրա, «Բվեճի վտակն» անցնելուց հետո, աջ կողմում, հենց ցորենի դաշտի ցանկապատի մոտ, իրարից հարյուր յարդ հեռավորության վրա կանգնած են երեք հաստաբուն ծառեր։ Ցանկապատի սյուներից մեկի տակ, երրորդ ծառի դիմաց, ձեր ավետաբերը կգտնի ստվարաթղթե փոքրիկ մի տուփ: Նա պետք է պատասխանը դնի այդ տուփի մեջ և անմիջապես վերադառնա «Երկնաքեր»։

Եթե փորձեք մատնել մեզ կամ էլ չհաճեք կատարել նշված պայմանները, այլևս երբեք չեք տեսնի ձեր որդուն։

Եթե վճարեք փողը ինչպես պահանջվում է, նա անվնաս տուն կվերադառնա երեք ժամվա ընթացքում։

Այս պայմանները վերջնական են, և եթե չընդունեք դրանք, ապա մեր կողմից հետագայում ոչ մի այլ տիպի հաղորդակցության փորձ չի արվի։

ԵՐԿՈՒ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐ

Նամակը հասցեագրեցի Դորսեթին ու դրեցի գրպանս։ Երբ արդեն ուզում էի դուրս գալ, այդ տղան ինձ է մոտենում ու ասում.

— Է՛յ, Օձի աչք, դու ասացիր, թե կարող եմ խաղալ Հետախույզ խաղը, քանի դեռ այստեղ չես լինի։

— Խաղա՛, իհարկե, խաղա՛,— ասում եմ ես։— Միստեր Բիլլն էլ է ուզում խաղալ։ Իսկ դա ի՞նչ խաղ է։

— Ես հետախույզ եմ,— ասում է Կարմրամորթ Առաջնորդը,— և մի արագավազ ձիով պետք է սլանամ դեպի ամրոց ու նախազգուշացնեմ, որ հնդկացիները գալիս են։ Ես ձանձրացել եմ հնդկացի լինելուց։ Ուզում եմ հետախույզ լինել։

— Շա՜տ լավ,— ասում եմ ես։— Իմ կարծիքով դա անվնաս խաղ է և միստեր Բիլլը կօգնի քեզ խափանելու այդ գարշելի բարբարոսների պլանները։