— Եթե քեզ լավ չպահես,— ասում եմ,— ես քեզ ուղիղ տուն կտանեմ։ Հը, լա՞վ ես պահելու քեզ, թե չէ։
— Բայց ես կատակ էի անում,— հոնքերը խոժոռելով ասում է նա։— Ես չէի ուզում նեղացնել ծերուկ Հենկին։ Իսկ նա ինչո՞ւ ինձ խփեց։ Լա՜վ, ես ինձ լավ կպահեմ, Օձի աչք, եթե դու ինձ տուն չուղարկես ու թողնես, որ այսօր խաղամ Հետախույզ խաղը։
— Ես այդ խաղը չգիտեմ,— ասում եմ։— Այդ արդեն դու և միստեր Բիլլը կորոշեք։ Նա այսօր կլինի քո խաղընկերը։ Ես մի գործ ունեմ և կարճ ժամանակով պետք է գնամ։ Դե, ներս արի ու հաշտվիր Բիլլի հետ, մեկ էլ ներողություն խնդրիր նրանից՝ խփելու համար, թե չէ՝ հենց հիմա ուղիղ տո՛ւն։
Ես ստիպեցի, որ նրանք ձեռք ձեռքի տան, իսկ հետո Բիլլին մի կողմ տարա ու ասացի, որ գնում եմ քարանձավից երեք մղոն այն կողմ գտնվող փոքրիկ մի գյուղ՝ Փոփլար Քով, պարզելու համար, թե ինչ տրամադրություն է տիրում «Երկնաքերում» երեխայի անհետանալու կապակցությամբ։ Բացի այդ, շատ նպատակահարմար էի գտնում այդ օրը մի վերջնագիր ուղարկել ծերուկ Դորսեթին, որով պետք է պահանջեի փրկագինը և ցուցումներ տայի, թե ինչպես էր այն վճարելու։
— Դու լավ գիտես, Սեմ,— ասում է Բիլլը,— որ առանց աչք թարթելու ես միշտ քո կողքին եմ մնացել երկրաշարժերի ու փոթորիկների, հրդեհների ու ջրհեղեղների, կատաղի պայթեցումների, ոստիկանական շուրջկալների, գնացքների վրա կատարած հարձակումների ու թղթախաղերի ժամանակ։ Ես մինչև հիմա ոչ մի բանից չէի վախեցել, քանի դեռ չէինք փախցրել երկոտանի հրթիռակիր այս թզուկին։ Նա իմ հոգին հանեց։ Դու ինձ նրա հետ երկար չես թողնի, չէ՞, Սե՛մ։
— Կվերադառնամ մինչև մութն ընկնելը։ Այդ ընթացքում դու պետք է զբաղվես ու հանգստացնես փոքրիկին։ Իսկ այժմ մենք մի նամակ կգրենք ծերուկ Դորսեթին։
Ես և Բիլլը թուղթ ու մատիտ վերցրինք և անցանք գործի, իսկ Կարմրամորթ Առաջնորդը, մինչ այդ, հաստ վերմակի մեջ փաթաթված, գոհ տեսքով վեր ու վար էր անում քարանձավի մուտքի մոտ։ Բիլլն աղիողորմ խնդրում էր ինձ, որ փրկագինը դարձնեմ մեկ ու կես հազար՝ երկու հազարի փոխարեն։
— Ես ամենևին էլ միտք չունեմ արժեզրկել ծնողական փառապանծ զգացմունքի բարոյական կողմը, բայց չէ՞ որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և բացի այդ, ո՞ր մի բանական արարածը կհրաժարվի երկու հազար դոլլարից այս չաղլիկ ու պեպենոտ վայրի կատվի համար։ Անձամբ ես ուզում եմ բախտս փորձել հազար հինգ հարյուր դոլարով։ Տարբերությունը կարող ես ինձնից գանձել։
Այսպիսով, Բիլլին հանգստացնելու համար ես համաձայնվեցի, և միահամուռ ուժերով մի նամակ գրեցինք հետևյալ բովանդակությամբ։