Books Կարմրամորթ առաջնորդի փրկագինը | Page 6

— Նա հուրհրան կարտոֆիլ գցեց օձիքիցս ներս,— բացատրեց Բիլլը,— հետո էլ ոտքերով տրորեց այն մեջքիս վրա, իսկ ես նրան ապտակեցի։ Հրացանը քեզ մոտ չի՞, Սեմ։

Ես տղայի ձեռքից վերցրեցի քարը ու քիչ թե շատ հարթեցի այդ միջադեպը։

— Ես քեզ ցո՛ւյց կտամ,— ասում է տղան Բիլլին։— Դեռ ոչ մեկը, ով փորձել է խփել Կարմրամորթ Առաջնորդին, էժան չի պրծել նրա ձեռքից։ Այնպես որ, զգուշացի՛ր։

Նախաճաշից հետո տղան իր գրպանից մի կտոր կաշի է հանում ու դուրս գալիս քարանձավից՝ ճանապարհին քանդելով դրա վրա փաթաթված թելը։

— Հիմա՞ ինչ է ուզում անել,— անհանգստացած ասում է Բիլլը։— Սե՛մ, քո մտքով չի՞ անցնում, որ նա կարող է փախչել։

— Մի՛ վախենա,— ասում եմ ես։— Նա քո իմացած տնակյաց փափկասուններից չի երևում։ Սակայն բոլոր դեպքերում պետք է մի բան մտածենք փրկագնի համար։ Նրա անհետացման կապակցությամբ «Երկնաքերի» մատույցներում ոչ մի իրարանցում չկա, բայց, հնարավոր է, որ դեռ չեն հասկացել, թե ինչն֊ինչոց է։ Այդ մարդիկ երևի մտածում են, թե նա գիշերել է մորաքույր Ջեյնի կամ էլ հարևաններից մեկի տանը։ Ինչևէ, նրա պակասն այսօր կզգացվի։ Իսկ երեկոյան մենք մի գրություն կուղարկենք հորը և որդուն վերադարձնելու համար կպահանջենք երկու հազար դոլար։

Հենց հաջորդ ակնթարթին մի այնպիսի աղմուկ֊աղաղակ լսեցինք, որպիսին միայն Դավիթը կարող էր անել, երբ գետնին էր փռել մարտիկ Գողիաթին։ Բայց ո՛չ։ Դա Կարմրամորթ Առաջնորդն էր, որ իր գլխավերևում պտտեցնում էր քիչ առաջ գրպանից հանած պարսատիկը։

Ես հապճեպորեն շրջվեցի՝ լսելով ծանրահունչ ու խուլ մի ձայն, հետո էլ մի այնպիսի փնչոց, ինչպիսին ձիերն են հանում, երբ ազատվում են թամբից։ Ձվի չափ սև մի քար թրխկացել էր Բիլլի գլխին՝ ձախ ականջի մոտ։ Նա ամբողջ մարմնով թուլացավ և ընկավ կրակի վրա՝ կոթավոր կաթսայի կողքին, որի մեջ ամանեղենը լվանալու ջուրն էր եռում։ Ես Բիլլին դուրս քաշեցի բոցերի միջից և ուղիղ կես ժամ սառը ջուր լցրեցի նրա գլխին։

Հետո, կամաց֊կամաց, Բիլլն ուշքի է գալիս, նստում, շոշափում ականջի ետևի մասն ու ասում.

— Սեմ, դու գիտե՞ս, թե ով է իմ սիրելի բիբլիական հերոսը։

— Դե լա՜վ, մի՛ հուզվիր,— ասում եմ։— Շուտով խելքի կգաս։

— Տերն Հերովդե՛սը ,— ասում է նա։— Մի՛ գնա, ինձ մենակ մի՛ թող, Սեմ։

Ես դուրս եկա, բռնեցի տղային ու այնպես թափահարեցի, որ դեմքի պեպենները զրնգացին։