Կարմրամորթ Առաջնորդը նստել էր Բիլլի կրծքավանդակին, մի ձեռքով բռնել Բիլլի մազերը, մյուսով՝ միս կտրելու սրասայր դանակը և, համաձայն նախորդ երեկոյան կայացված դատավճռի, մոլեգնաբար ու գործնական տեսքով փորձում էր հանել նրա գանգամաշկը։
Ես խլեցի դանակը այդ թզուկի ձեռքից և նորից պառկեցրի քնելու։ Սակայն այդ պահից ի վեր Բիլլի հոգին ջուր էր կտրել։ Նա պառկեց կողքի վրա, սակայն ամբողջ այն ժամանակաընթացքում, ինչ այդ տղան մեզ հետ էր, էլ ոչ մի անգամ աչք չփակեց։ Ես մի քիչ ննջեցի, բայց արևի դուրս գալուն պես հանկարծ հիշեցի. Կարմրամորթ Առաջնորդը զգուշացրել էր, որ լուսաբացին ինձ խորովելու են ճթճթացող խարույկի վրա։ Ոչ այն է՝ նյարդերս էին լարված, ոչ այն է՝ վախեցած էի, սակայն վեր կացա, նստեցի, վառեցի ծխամորճս, ու հենվեցի ժայռին։
— Այս ինչո՞ւ ես այսքան շուտ արթնացել, Սեմ,— հարցրեց Բիլլը։
— Ե՞ս,— ասում եմ։— Օ՜ֆֆ, ուսս մի տեսակ ցավում է։ Մտածեցի՝ մի քիջ նստեմ, գուցե անցնի։
— Ստո՛ւմ ես,— ասում է Բիլլը։— Դու վախենո՛ւմ ես։ Լուսաբացին նա ուզում էր քեզ խորովել, և դու վախեցել ես, որ նա այդ բանը կանի։ Եվ կաներ, իհարկե, եթե լուցկի գտներ։ Չէ՞ որ սարսափելի է, Սեմ։ Եվ մի՞թե կարծում ես, թե այդ թոկից փախածին տուն վերադարձնելու համար քեզ փող կտան։
— Համոզված եմ,— ասում եմ ես։— Հենց սրա նման վայրագներին են ծնողները պաշտում։ Իսկ հիմա վեր կացեք ու Կարմրամորթի հետ նախաճաշ պատրաստեք, մինչև ես ելնեմ այս սարի գագաթն ու շրջակայքը հետազոտեմ։
Բարձրանալով փոքրիկ սարի գագաթը, ես հայացքով չափեցի մոտակա շրջակայքը։ «Երկնաքերի» մատույցներում հույս ունեի տեսնել գերանդիներով ու եղաններով զինված ամրակազմ ֆերմերների, որոնք տակնուվրա են անում ամեն ինչ՝ այդ ստորաքարշ առևանգողներին գտնելու համար։ Սակայն փոխարենը տեսա խաղաղ բնապատկեր, ինչպես նաև մի մարդու, որն իր մոխրագույն քարշակով հողն էր փխրեցնում։ Ոչ-ոք չէր փորփրում գետաբերանը, չկար որևէ մեկը, որ դես ու դեն ընկած վազվզեր ու վշտից խենթացած ծնողներին մի լուր տաներ, գոնե՝ «Դեռևս ոչինչ հայտնի չէ»։ Անտառային քնաբեր հանդարտությամբ էր լցված Ալաբամա նահանգի տերիտորիայից կարծես դուրս մնացած այս հողակտորը, որը փռված էր իմ առջև։ «Հավանաբար,— ասում եմ ինքս ինձ,— դեռ չեն հայտնաբերել, որ գայլերը փարախից հափշտակել են իրենց քնքուշ գառնուկին։ Աստվա՜ծ, օգնի՛ր գայլերին,— ասում եմ ես և նախաճաշելու իջնում սարն ի վար»։
Քարանձավին մոտենալով, տեսա, որ Բիլլը մեջքով կպել էր պատին, ու դժվարությամբ էր շնչում, իսկ տղան հենց այն է, պատրաստվում էր ամբողջ ուժով թրխկացնել նրա գլխին համարյա կոկոսյան ընկույզի մեծության մի քարով։