Books Կարմրամորթ առաջնորդի փրկագինը | Page 4

Այս անտառներում իսկական հնդկացիներ կա՞ն։ Ինձ մի քիչ էլ հյութ տվեք։ Ծառերի շարժվելո՞ւց է քամի լինում։ Մենք հինգ հատ շան ձագ ունեինք։ Այդ ինչի՜ց է քո քիթն այդպես կարմիր, Հենկ։ Հայրս կույտերով փող ունի։ Աստղերը տա՞ք են։ Շաբաթ օրը Էդ Ուոլքերին դնքսեցի երկու անգամ։ Ցուլը ձայն հանո՞ւմ է։ Ինչո՞ւ են նարինջները կլոր։ Այս քարանձավում մահճակալներ ունե՞ք, որ կարգին քնենք։ Ամոս Մյուրեյը ամեն ոտին վեց մատ ունի։ Թութակը կարողանում է խոսել, իսկ կապիկն ու ձուկը՝ ոչ։ Ինչի՞ն ինչ գումարենք, որ լինի տասներկու։

Հինգ րոպեն մեկ կհիշեցներ, որ ինքը սարսափազդու կարմրամորթ է, հետո կվերցներ իր փայտը, որը նրա համար որպես հրացան էր ծառայում, մատների ծայրերի վրա կգնար դեպի քարանձավի մուտքը, որպեսզի բռներ գարշելի սպիտակամորթ լրտեսներին։ Ժամանակ առ ժամանակ, իբրև հարձակման ազդանշան, մի այնպիսի ճիչ էր արձակում, որ թակարդներ դնող ծերուկ Հենկը ցնցվում էր ամբողջ մարմնով։ Այդ տղան հենց սկզբից էր սահմռկեցրել Բիլլին։

— Կարմրամորթ Առաջնորդ,— ասում եմ տղային,— ուզո՞ւմ ես տուն գնալ։

— Ա՜հ, շատ պե՜տքս է։ Տխուր է այնտեղ։ Դպրոցն էլ տանել չեմ կարողանում։ Իսկ այստեղ ինձ դուր է գալիս։ Դու ինձ տուն չես տանի, չէ՞, Օձի աչք։

— Դեռ ոչ,— ասում եմ։— Մենք դեռ մի քիչ կմնանք այս քարանձավում։

— Ա՛յ թե լավ բան կլինի,— ասում է նա։— Ես իմ ամբողջ կյանքում այսքան չէի ուրախացել։

Ժամը տասնմեկին մոտ պառկեցինք քնելու։ Գետնին մի քանի հատ բրդյա ու մգդակած լայն վերմակ գցեցինք և Կարմրամորթ Առաջնորդին պառկեցրինք մեր մեջտեղում։ Նա չէր փախչի, դրանում վստահ էինք։ Երեք ժամ շարունակ մեզ արթուն պահեց։ Յուրաքանչյուր ճյուղի շաչյուն ու տերևի շրշյուն նրա նորաթուխ երևակայությունն ընկալում էր որպես մոտեցող հրոսակախմբի ոտնաձայներ, ու նա վեր էր ցատկում, վերցնում հրացանը, մերթ իմ, մերթ Բիլլի ականջի մեջ ճղճղում՝ «Սը՜սս, ձա՛յնդ»։ Վերջապես ես մղձավանջային քուն մտա և երազում տեսա, թե իբր կարմրաշեկ մազերով մի խուժադուժ ծովահեն փախցրել էր ինձ ու շղթաներով կապել ծառից։

Լուսաբացին արթնացա Բիլլի զարհուրելի ծղրտոցներից։ Դա ոչ տրտնջոց էր, ոչ ոռնոց, ոչ ճիչ, ոչ վայնասուն, ոչ վնգստոց, ինչպիսին կարող է արձակել տղամարդու արտասանական օրգանների ողջ համակարգը։ Դրանք պարզապես անպատկառ, ահարկու, ստորացուցիչ ծղրտոցներ էին, ինչպիսիք կանայք են արձակում՝ ուրվական կամ արյունարբու կենդանի տեսնելիս։ Ահավոր բան է, երբ լուսաբացին քարանձավով մեկ լսում ես ամրակազմ, հաստամարմին ու խիզախ մի մարդու անզուսպ ծղրտոցները։

Ես վեր ցատկեցի տեսնելու, թե ինչ էր կատարվում։