Books Կարմրամորթ առաջնորդի փրկագինը | Page 3

— Է՜յ, մանչո՜ւկ,— ասում է Բիլլը,— ուզո՞ւմ ես մի մեծ փաթեթ քաղցրավենիք ստանալ ու զբոսնել այս կառքով։

Տղան աղյուսի կտորով մի դիպուկ հարված է հասցնում Բիլլի աչքին։— Սա ծերուկի վրա հավելյալ հինգ հարյուր դոլար կնստի,— ասում է Բիլլը և անիվի վրայով մագլցում դեպի կառքը։

Հետո փոքրիկը սկսեց կռվել, կարծես միջին քաշային դարչնագույն արջ լիներ, բայց վերջապես նրան ներս խցկեցինք կառքի ներքևի մասը և շարժվեցինք։

Մենք նրան քարանձավ տարանք։ Ես ձին կապեցի մայրուտում։ Երբ մութն ընկավ, կառքը տարա մի փոքրիկ գյուղ, երեք մղոն այն կողմ, որտեղից մենք այն վարձել էինք, և ոտքով ետ դարձա։

Բիլլն իր դեմքի չանգռված ու արնակալված մասերին կպչուն սպեղանի էր դնում։ Քարանձավի մուտքի մոտ, ժայռաբեկորի ետևում կրակ էր վառվում, իսկ տղան իր կարմրաշեկ մազերի մեջ բազեի պոչի փետուրներ խրած ուշի֊ուշով նայում էր եռացող սրճեփին։ Ես մոտենում եմ, իսկ նա իր ձեռքի փայտը վեր է բարձրացնում ու ասում.

— Է՛յ, դո՛ւ, անիծյալ դժգույն մռո՛ւթ, ինչպե՞ս ես համարձակվում ներս մտնել Կարմրամորթ Առաջնորդի՝ այս տափաստանների ահ ու սարսափի ճամբարը։

— Հիմա դեռ լա՜վ է, — ասում է Բիլլը՝ սրունքների վնասվածքները զննելու համար վեր բարձրացնելով տաբատը։— Մենք հնդկացի֊հնդկացի էինք խաղում։ Բուֆֆալո Բիլլի կրկեսային ներկայացումը մեր արածի համեմատությամբ պարզապես պաղեստինյան քաղաքապետարանում կատարվող տեսարաններ են՝ մոգական լապտերի մեջ։ Ես թակարդներ դնող ծերուկ Հենկն եմ՝ Կարմրամորթ Առաջնորդի գերին։ Լուսաբացին գլխիս մաշկը պետք է հանեն։ Սո՛ւրբ նահատակնե՜ր։ Եվ ինչ ծանր հարված ունի այդ թզուկը։

Այո՛, պարոն, այդ տղան ակներևաբար հաճույք էր քաղում կյանքի յուրաքանչյուր ակնթարթից։ Ճամբարը, որ տեղ էր գտել քարանձավում, հրապուրել էր նրան, ու ջնջել հիշողությունից այն, որ հենց ինքն էր գերին։ Օձի աչք ու Լրտես հորջորջեց նա ինձ իսկույնևեթ ու հայտարարեց, որ երբ իր զինվորները վերադառնան ռազմարշավից, ինձ ողջ֊ողջ կխորովեն լուսաբացին՝ ճթճթացող խարույկի վրա։

Հետո մենք ընթրեցինք։ Որքան հնարավոր էր, խոզի ապխտած միս, հաց, մեկ էլ հյութ լցրեց բերանն ու սկսեց խոսել։ Ընթրիքի սկզբից մինչև վերջ մոտավորապես այսպիսի մի ճառ արտասանեց.

— Ինձ դուր է գալիս այս ամենը։ Ես ոչ մի անգամ դեռ չէի քնել դրսում։ Ես վարժեցրած պարկամուկ ունեի, իսկ անցյալ տարի՝ ծննդյան օրը դարձա ինը տարեկան։ Ես ատում եմ դպրոցը։ Առնետները խժռեցին մորաքույր Ջիմմի Տալբոտի չալպտուրիկ հավերի ձվերը։ Տասնվեց հատ։