Մտահղացումը հոյակապ էր թվում։ Բայց սպասեք, ես հիմա ամեն ինչ կպատմեմ սկզբից։ Մենք գտնվում էինք հարավում՝ Ալաբամա նահանգում՝ Բիլլ Դրիսկոլը և ես։ Հենց այստեղ էլ մեր մեջ հղացավ երեխա փախցնելու միտքը։ Դա պատահեց, ինչպես հետագայում Բիլլն արտահայտվեց, «ժամանակավոր խելացնորության պահին», բայց այդ բանը մենք շատ ավելի ուշ հասկացանք։
Այնտեղ մի փոքրիկ քաղաք կար, հարթ ու տափակ, ինչպես պաստեղը, որն, անտարակույս, կոչվում էր «Երկնաքեր»։ Այդ քաղաքում ապրում էին անմեղ ռամիկներ և այնպես գոհ էին ամեն ինչից, կարծես միշտ համախմբված լինեին մայիսյան սյան շուրջը։
Ես ու Բիլլը վեց հարյուր դոլար միացյալ կապիտալ ունեինք, և մեզ պարզապես հարկավոր էր ևս երկու հազար դոլար, որպեսզի գլուխ բերեինք Արևմտյան Իլինոյսում մեծ հողակտորների հետ կապված շահութաբեր մի գործ։ Ամեն ինչի մասին ծանր ու թեթև արեցինք հյուրանոցի մուտքի աստիճանների մոտ։ Զավակասիրությունը, ասացինք, ավելի վառ է արտահայտվում կիսագյուղական համայնքներում։ Այդ և մի քանի այլ պատճառներով երեխա փախցնելու ծրագիրն ավելի հեշտությամբ պետք է իրագործվեր այստեղ, քան թերթեր հրատարակող շրջաններում, որոնք գունագեղ շորերով իրենց թղթակիցներին այս ու այն կողմ են ուղարկում՝ նման բաների մասին հարցուփորձ անելու։ Մենք գիտեինք, որ այդ փոքրիկ քաղաքը մեզ գտնելու համար ոստիկաններից ավելի հզոր ոչինչ չէր կարող գործի դնել, դե, թերևս, մի քանի ալարկոտ խուզարկու շուն ու մեկ֊երկու վարկաբեկիչ հոդված «Ֆերմերի շաբաթական բյուջեն» պարբերականում։ Այնպես որ հոյակապ միտք էր։
Առևանգման զոհ ընտրեցինք քաղաքում մեծ հարգանք վայելող Էբենեզեր Դորսեթ անունով մի քաղաքացու մինուճար որդուն։ Հայրիկը բարեկիրթ, հնարամիտ ու խստաբարո մարդ էր, եկեղեցական նվիրատվությունների անկաշառ գանձապահ, գրավաթղթերի մեծ գիտակ։ Փոքրիկը տասը տարեկան էր, դեմքը ուռուցիկ պեպեններով ծածկված, իսկ մազերը ճիշտ ու ճիշտ այն ամսագրի կազմի գույնին, որը դուք գնում եք կրպակից, երբ գնացքի եք սպասում։ Ես ու Բիլլը ենթադրում էինք, որ Էբենեզերը ուղղակի պարելով կտա պահանջվող փրկագինը՝ երկու հազար դոլար և ոչ մի ցենտ պակաս։ Բայց սպասեք, ես ամեն ինչ սկզբից կպատմեմ։
«Երկնաքերից» երկու մղոն այն կողմ ոչ բարձր մի սար կար՝ ծածկված մայրիների խիտ թավուտներով, իսկ սարի ետևի կողմում՝ մի քարանձավ, որտեղ պահում էինք մեր մթերքը։
Մի երեկո, արևամուտին, եկտեղանոց մի կառքով անցնում էինք ծերուկ Դորսեթի տան մոտով։ Փոքրիկը քարեր էր նետում դիմացի ցանկապատին նստած կատվի ձագուկի վրա։