Ես տարիքս առած մարդ եմ, ունեմ այրական տվյալներ և ընդունակ եմ ինքնապաշտպանության, բայց լինում են պահեր, երբ ինքնասիրության և ինքնատիրապետման մեխանիզմները դավաճանում են։ Տղան գնաց։ Ես նրան տուն ուղարկեցի։ Վերջ ամեն ինչին։ Հնագույն ժամանակներից ի վեր տառապյալներ շատ են եղել,— շարունակում է Բիլլը,— որոնք գերադասել են մեռնել, բայց չեն հրաժարվել իրենց նախասիրած զբաղմունքից։ Բայց նրանցից ոչ մեկը երբևէ այնպիսի գերբնական տանջանքներ չի կրել, ինչպես ես։ Շատ էի ցանկանում հավատարիմ մնալ մեր կողոպտչական կանոնադրությանը, բայց ո՛չ, ամեն ինչ իր սահմանն ունի։
— Ի՞նչ է պատահել, Բիլլ,— հարցնում եմ նրան։
— Ես չորեքթաթ սուրացի մինչև ամրոցը՝ ուղիղ իննսուն մղոն։ Հետո, երբ բնակիչները փրկված էին, ինձ վարսակ տվեցին։ Դրա փոխարեն հաճույքով ավազ կուլ կտայի։ Իսկ հետո, ամբողջ մի ժամ, ես փորձում էի բացատրել նրան, թե ինչու անցքերի մեջ ոչինչ չի լինում, ինչպես է, որ ճանապարհը երկու կողմ ունի և ինչու է խոտը կանաչ։ Հավատա ինձ, Սեմ, ոչ մի մարդկային էակ այդ ամենին չէր դիմանա։ Դե, ես էլ բռնում եմ նրա օձիքից ու քարշ տալիս սարն ի վար։ Ճանապարհին ոտքերով խփում է իմ ոտքերին ու ծնկներիցս ներքև լրիվ կապտացնում։ Երկու֊երեք տեղից էլ կծել է բութ մատս ու ձեռքս, և հիմա պետք է այդ խայթոցները խարեմ։ Բայց նա արդեն գնացե՜լ է,— շարունակում է Բիլլը։— Նա արդեն տա՜նն է։ Ես նրան ցույց տվեցի «Երկնաքեր» տանող ճանապարհը, ոտքով էլ մի այնպիսի հարված հասցրեցի, որ թռավ ու ընկավ ինձնից ութ ֆուտ հեռավորության վրա։ Ցավում եմ, որ այդքան գումար ենք կորցնում, բայց մենք կամ փրկագինը պետք է ստանայինք, կամ էլ Բիլլ Դրսիկոլը պետք է գժանոց ընկներ։
Նա ծանրահունչ հևում է, չնայած նրա վարդակարմիր դիմագծերն արտահայտում են աննկարագրելի հանդարտություն ու կատարյալ բավարարվածություն։
— Բիլլ,— հարցնում եմ,— ձեր ընտանիքում ոչ մեկը սրտային հիվանդությամբ չի՞ տառապել։
— Ո՛չ,— ասում է Բիլլը,— մալարիայից ու դժբախտ պատահարներից բացի ոչ մի խրոնիկ հիվանդություն չի եղել։
— Այդ դեպքում միգուցե շրջվես ու ե՞տ նայես։
Բիլլը շրջվում է, տեսնում տղային, անմիջապես գույնը գցում, շրմփոցով վայր ընկնում և սկսում գետինը փորփրել ու խոտը պոկոտել։ Մոտ մի ժամ այդպես շարունակվեց. ես կարծում էի, թե խելքը թռցրել է։ Հետո ասացի նրան, որ ըստ իմ ծրագրի պետք է շուտափույթ կերպով վերջացնենք այս գործը։ Մենք կվերցնենք փրկագինն ու աննկատելիորեն կծլկենք կեսգիշերին, եթե միայն ծերուկ Դորսեթը ընդունի մեր առաջարկած պայմանները։