Բիլլը բավականին ոգևորվեց, նույնիսկ ժպիտի նման մի թույլ արտահայտություն տալով դեմքին՝ նայեց տղային ու խոստացավ խաղալ ռուս֊ճապոնական պատերազմ խաղը, հենց որ սկսեր մի փոքր ավելի լավ զգալ իրեն։
Իմ ծրագրի մեջ մտնում էր նաև այն, թե ինչպես էինք վերցնելու փրկագինը՝ բացառելով դավադիրների կողմից բռնվելու վտանգը, մի բան, որին հավանություն կտային նաև պրոֆեսիոնալ առևանգողները։ Այն սյունը, որի տակ պետք է դրվեր պատասխանը, այնուհետև՝ նաև փողը, գտնվում էր ճանապարհի վրա՝ ցանկապատի մոտ, որը չորս կողմից շրջապատված էր ամայի ու լայնատարած դաշտերով։ Եթե դավադիրների խումբը փորձեր հետևել այդ մարդուն, որը գալու էր նամակի ետևից, ապա նրան կտեսներ մեծ հեռավորության վրա՝ դաշտերից ու ճանապարհից այն կողմ։ Ո՛չ, պարոնայք, գուցե ավելի շուտ ձեր ականջի ետևը տեսնեք։
Ուղիղ ութն անց կեսին ես նստած էի ծառի հաստ ճյուղին և ծառաթրթուրից էլ լավ թաքնված սպասում էի ավետաբերին։
Ճիշտ պայմանավորված ժամին գալիս է մի դեռահաս հեծանվորդ, ցանկապատի սյան տակ գտնում ստվարաթղթե տուփը, այնտեղ գցում մի ծալված թուղթ, հետո սեղմում ոտնակին ու ետ ուղղվում դեպի «Երկնաքեր»։
Մի ժամ սպասելուց հետո համոզվեցի, որ ամեն ինչ կարգին է, սահելով ցած իջա ծառից, վերցրեցի երկտողը, կուզեկուզ անցա ցանկապատի երկայնքով, հասա անտառին և կես ժամից արդեն քարանձավում էի։ Ես բացեցի նամակը, մոտեցա լապտերին ու բարձրաձայն կարդացի Բիլլի համար։ Այն դրված էր անհասկանալի ձեռագրով, որի միտքն ու բովանդակությունն այս էր.
ԵՐԿՈԻ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻՆ
Պարոնայք, ես այսօրվա փոստով ստացա ձեր նամակը, որով իմ որդուն վերադարձնելու համար փրկագին եք պահանջում։ Ես կարծում եմ, որ դուք փոքր֊ինչ հեռու եք գնացել ձեր պահանջների մեջ, և սույնով ձեզ եմ առաջադրում իմ հակապահանջը, որը, ինչպես հակված եմ ենթադրելու, կընդունեք։ Դուք տուն եք բերում Ջոննիին և ինձ կանխիկ մուծում երկու հարյուր հիսուն դոլար։ Միայն այդ դեպքում ես կհամաձայնվեմ ազատել ձեզ նրանից։ Դուք լավ կանեք գիշերով գաք, քանի որ հարևանները կարծում են, թե նա կորել է, և ես վստահորեն չեմ կարող ասել, թե նրանք ինչ կանեն, եթե տեսնեն այն մարդուն, որը տուն կբերի Ջոննիին։
ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝
ԷԲԵՆԵԶԵՐ ԴՈՐՍԵԹ