— Փենզանսի մեծն ծովահեննե՜ր,— ասում եմ ես,— մի՞թե այսպիսի լկտիություն...
Ես նայեցի Բիլլին, բայց չհամարձակվեցի խոսել։ Նրա աչքերում այնպիսի աղերսական արտահայտություն կար, ինչպիսին երբեք չէի տեսել ո՛չ անբարբառ, ո՛չ էլ բարբառող որևէ կենդանու աչքերում։
— Սե՛մ,— ասում է նա,— ի՞նչ մեծ բան է, վերջիվերջո, երկու հարյուր հիսուն դոլարը։ Այդքան փող մենք ունենք։ Եվս մի գիշեր նրա հետ, և ինձ կուղարկեն Բեդլամ։ Կատարյալ ջենտլմեն լինելով հանդերձ, կարծում եմ, որ միստեր Դորսեթը նաև առատաձեռն մարդ է, եթե այդպիսի վեհանձն առաջարկություն է անում։ Մի՞թե ուզում ես բաց թողնել նման հնարավորությունը, Սեմ։
— Ճիշտն ասած Բիլլ,— ասում եմ ես,— այս փոքրիկ գառնուկը իմ ներվերի վրա էլ է մի քիչ ազդում։ Մենք նրան տուն կտանենք, կմուծենք փրկագինն ու կթողնենք֊կգնանք այստեղից։
Այդ գիշեր նրան տուն տարանք։ Համոզեցինք, որ գնա՝ խաբելով, թե հայրիկը արծաթափող հրացան է գնել, մեկ էլ՝ մոկասիններ, իսկ հաջորդ օրը պետք է գնանք արջ որսալու։
Ուղիղ ժամը տասներկուսն էր, երբ բախեցինք Էբենեզերի տան մուտքի դուռը։ Հենց այդ ժամանակ, երբ սյան տակ տուփից, սկզբնական պահանջագրի համաձայն, պետք է հանելիս լինեի հազար հինգ հարյուր դոլարը, Բիլլը հաշվում ու Դորսեթի ձեռքի մեջ էր դնում երկու հարյուր հիսուն դոլարը։
Երբ մանչուկը հասկացավ, որ ուզում ենք իրեն տանը թողնել, այնպիսի մի ոռնոց հանեց, ինչպիսին չէր հանի գալարափողը, և տզրուկի պես կպավ Բիլլի ոտքերին։ Հայրիկն աստիճանաբար պոկեց նրան այնպես, ինչպես պաստառը կպոկեն պատից։
— Ինչքա՞ն ժամանակ կարող եք բռնել նրան,— հարցնում է Բիլլը։
— Ես առաջվա ուժը չունեմ,— ասում է ծերուկ Դորսեթը,— բայց կարծում եմ, որ տասը րոպե կարելի է խոստանալ։
— Դա բավական է,— ասում է Բիլլը։— Տասը րոպեում ես կանցնեմ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան նահանգները և հանգիստ կմտնեմ Կանադայի սահմանը։
Չնայած այն ամենին, որ շատ մութ էր, որ Բիլլն այդքան հաստամարմին էր ու ես էլ՝ շատ արագավազ, նրան կարողացա հասնել «Երկնաքերից» միայն մեկ ու կես մղոն հեռավորության վրա։