— Այ, միսս Ռռռ֊ն էլ Երկրից է, ճիշտ չէ՞, միսս Ռռռ։
Միսս Ռռռ֊ն գլխով արեց եւ տարօրինակ ծիծաղեց։
— Միստր Յյյ֊ն, միստր Քքք֊ն, միստր Վվվ֊ն՝ նույնպես։
— Իսկ ես Յուպիտերից եմ,— լուրջ տեսք ընդունելով, ներկայացավ մի տղամարդ։
— Ես Սատուռնից եմ,— խորամանկորեն աչքերը փայլեցնելով, ասաց մի ուրիշը։
— Յուպիտեր, Սատուռն…,֊ մրմնջաց հրամանատարը, աչքերը ճպճպացնելով։
Լռություն տիրեց։ Մարսեցիները հավաքվել Էին տիեզերագնացների շուրջը, նստոտել Էին
սեղանների մոտ, բայց սեղանները դատարկ էին, խրախճանքի մասին իսկի խոսք չկար։ Նրանց
դեղին աչքերը փայլում էին, աչքերի տակ մութ ստվերներ էին գոյացել։ Նոր միայն
հրամանատարը նկատեց, որ դահլիճը պատուհան չունի։ Լույսը կարծես թափանցում էր
պատերի միջով։ Միայն մի դուռ կար։ Հրամանատարը ցնցվեց.
— Ի՞նչ տարօրինակ է, որտե՞ղ է այդ Թուիերեոլը, հեռո՞ւ է Ամերիկայից։
— Ամերիկան ի՞նչ բան է։
— Դուք Ամերիկայի մասին չե՞ք լսել։ Երկրից եք եկել եւ չգիտե՞ք։
Միստր Ուուու֊ն զայրացած թափահարեց գլուխը։
— Երկիրը ծովերից է բաղկացած, միայն ծովերից, ուրիշ ոչինչ չկա, ցամաք չկա։ Ես այնտեղից եմ,
ես հո գիտեմ։
— Սպասեք,— հրամանատարը ընկրկեց,— դուք ամենաիսկական մարսեցի եք, դեղին աչքերով,
թուխ մաշկով…
֊ Երկիրը ամբողջովին ջունգլիներով է ծածկված,— հպարտ հայտարարեց միսս Ռռռ֊ն,— ես Օրիից
եմ, արծաթյա մշակույթի երկրից։
Հրամանատարը հայացքը մի դեմքից մյուսին էր դարձնում, միստր Ուուու֊ից միստր Յյյ֊ին, միստր
Յյյ֊ից՝ միստր Քքք֊ին, միստր Քքք֊ից՝ միստր Ննն֊ին, հետո՝ միստր Հհհ֊ին, միստր Բբբ֊ին։ Նա
տեսնում էր ինչպես են լայնանում ու նեղանում նրանց դեղին աչքերի բիբերը, ինչպես են նրանց
հայացքները մեկ կենտրոնանում, մեկ՝ մշուշվում։ Նա սարսռաց. վերջապես, շրջվելով իր
ենթականների կողմը, մռայլ ասաց.
— Հասկացա՞ք, թե սա ինչ է։
— Ի՞նչը, հրամանատար։
— Սա ո՛չ հանդիսավոր դիմավորում է,— հոգնած ասաց նա,— ո՛չ հանպատրաստից
ընդունելություն, ոչ՝ բանկետ։ Ոչ էլ մենք պատվավոր հյուր ենք։ Սրանք էլ մարսյան իշխանության
ներկայացուցիչները չեն։ Նայեք նրանց աչքերին, լսեք նրանց խոսակցությանը։
Տիեզերագնացները շունչները պահեցին։ Նրանք ուշադիր աչքի անցկացրին տարօրինակ, փակ
դահլիճը։
— Հիմա ես հասկանում եմ,— հրամանատարի ձայնը կարծես խոր փոսից էր հնչում,—
հ