Հատակին խառնիխուռն քնած էին կանայք ու տղամարդիկ։ Մութ անկյուններում ինչ֊որ բան էր
շարժվում, ոմանք առանձնացած՝ տարօրինակ կերպով թափահարում էին ձեռքերը։
Յուրաքանչյուր կես ժամը մեկ տիեզերագնացներից մեկը մոտենում էր արծաթավուն դռանը եւ
վերադառնում սեղանի մոտ։
— Անհնար է դուրս պրծնել, հրամանատար։ Մենք ամուր ենք փակված։
— Մեզ մի՞թե գժի տեղ են դրել։
— Իհարկե։ Ահա թե ինչու մեր երեւալը հիացմունք չառաջացրեց։ Նրանց համար մենք
պարզապես հոգեկան հիվանդներ ենք, ինչպիսիք այստեղ շատ են։ Սրանք բոլորն էլ խախտված
են,— նա ձեռքով ցույց տվեց քնածներին,— բայց ինչպե՜ս ընդունեցին մեզ։ Ինձ մի պահ թվաց, թե
հանդիսավոր դիմավորում է,— նրա աչքերը կայծկլտացին եւ անմիջապես էլ խամրեցին,— այդ
բացականչությունները, երգերը, ճառերը… Լավ էր, չէ՞…
— Մեզ ինչքա՞ն ժամանակ կպահեն այստեղ, հրամանատար։
— Մինչեւ ապացուցենք, որ հոգեկան հիվանդ չենք։
— Դա հեշտ է։
— Ես էլ հույս ունեմ։
— Կարծես թե այնքան էլ համոզված չեք, հրամանատար։
— Հըմ, այո… հապա այն կողմ նայեք։
Մթության մեջ, ծնկները ծալած, մեկուսի նստել էր մի տղամարդ, նրա բերանից կապույտ բոց Էր
դուրս գալիս, որը փոքրամարմին, մերկ կնոջ ձեւ էր ընդունում։ Ինչ֊որ բաներ շշընջալով ու
հառաչելով, նա հեզանազ ճախրում էր օդում, կապույտ լույսի ալիքներում։
Հրամանատարը գլխով մյուս կողմը ցույց տվեց։ Այնտեղ մի կին էր կանգնած, որը տարօրինակ
կերպարանափոխության էր ենթարկվում։ Սկզբում նա բյուրեղապակյա սյան մեջ էր, հետո ոսկյա
արձանիկ դարձավ, ապա մայրու ողորկ ճյուղ եւ ի վերջո, ընդունեց սկզբնական կերպարանքը։
Դահլիճում, կեսգիշերային մթության մեջ, տղամարդիկ ու կանայք ձեռնածություն էին կատարում
մանուշակագույն բոցերի հետ, անընդհատ փոփոխվելով, տարբեր կերպարանքներ ընդունելով,
քանի որ գիշերը տրտմության ու կերպարանափոխության ժամանակն է։
— Կախարդանք, մոգություն,— շշնջաց երկրացիներից մեկը։
— Ոչ, տեսապատրանքներ։ Նրանք մեզ են հաղորդում իրենց զառանցանքը, այնպես որ մենք
տեսնում ենք, թե նրանք ինչ տեսողական պատրանքներ են ունենում։ Հեռազգացություն է,
ինքնաներշնչում եւ հեռազգացություն։
— Ձեզ դա՞ է մտահոգում, հրամանատար։
— Այո, եթե տեսապատրանքները մեզ եւ, ոչ միայն մեզ, այդքան բնական են թվում, այդքան
համոզիչ ու ճշմարտանման, զարմանալի չէ, որ մեզ թյուրիմացաբար հոգեկան հիվանդ
համարեցին։ Այդ տղամարդը կարողանում է կապույտ կրակից փոքրիկ կանայք ստեղծել, իսկ այ,
այն կինը ի վիճակի է սյուն կամ արձան դառնալ։ Շատ բնական է, եթե նորմալ մարսեցին մտածի,
որ տիեզերանավը մեր հիվանդ երեւակայության արդյունքն է։
Մթության մեջ տիեզերագնացները խուլ հառաչեցին։
Մերթ բռնկվելով, մերթ անհետանալով, շուրջը պարում էին կապույտ կրակները։ Քնած
տղամարդկանց բերաններից կարմիր ավազից օձեր Էին դուրս լողում։ Կանայք փոխակերպվում
էին փայլուն օձերի։ Գազանների ու սողունների հոտ էր գալիս։
Առավոտյան բոլորը թվում էին ուրախ, առողջ եւ նորմալ։ Ոչ մի սատանա, ոչ մի բոց։
Հրամանատարը իր անձնակազմի հետ կանգնել էր արծաթագույն դռան մոտ, հուսալով, որ
կբացվի։
10