Books Երկրացիները | Page 11

Միստր Ըըը֊ն երեւաց չորս ժամ անց։ Նրանք կասկածում էին, որ նա երեք ժամից ոչ պակաս կանգնել է դռան ետեւում, հետեւել, որպեսզի հետո ներս մտնի ու կանչի իր փոքրիկ աշխատասենյակը։ Դա մի բարեհոգի, ժպտադեմ տղամարդ էր, եթե հավատ ընծայվեր նրա ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ժպիտներ պատկերող դիմակին, ի դեպ, դիմակի տակից հնչող ձայնը պատկանում էր ոչ այդքան ժպտադեմ հոգեբույժի։ — Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ — Դուք մեզ խելագար եք համարում, բայց այդպես չէ,— ասաց հրամանատարը։ — Ընդհակառակը, ես բոլորիդ խելագար չեմ համարում,— հոգեբույժը հրամանատարին ուղղեց փոքրիկ ցուցափայտը,— միայն ձեզ, հարգելիս։ Մյուս բոլորը երկրորդական տեսապատրանք են։ Հրամանատարը ծնկին հարվածեց։ — Ահա թե ի՜նչ։ Ահա թե ինչու միստր Իիի֊ն քրքջաց, երբ ես առաջարկեցի, որ նրանք էլ ստորագրեն բլանկները։ — Այո, նա ինձ պատմել է այդ մասին,— հոգեբույժը հռհռաց դիմակի ալիքաձեւ կտրվածքի միջով։— Հիանալի կատակ։ Ի՞նչ էի ասում։ Այո՛, երկրորդական տեսապատրանքներ։ Ինձ այցելում են կանայք, որոնց ականջներից օձեր են դուրս գալիս։ Ես բուժում եմ, եւ օձերն անհետանում են։ — Մենք ուրախությամբ բուժում կընդունենք, սկսեք։ Միստր Ըըը֊ն խորասուզվեց մտքերի մեջ։ — Զարմանալի է։ Քչերն են համաձայնում բուժվել։ Բանն այն է, որ բուժումը խիստ արմատական բնույթի է։ — Ոչինչ, գործի անցեք, բուժեք, ինքներդ կհամոզվեք, որ բոլորս առողջ ենք։ — Թույլ տվեք նորից նայել ձեր փաստաթղթերը, ամե՞ն ինչ է ձեւակերպված բուժման համար։— Նա թերթեց թղթապանակը,— այսպես… Գիտե՞ք, այսպիսի դեպքերը հատուկ մեթոդներ են պահանջում։ Նրանք, ում տեսել եք Տանը, ավելի թեթեւ հիվանդներ են։ Բայց երբ հոգեկան շեղումը շատ է խորանում, ինչպես ձեր պարագայում, ուղեկցվում է առաջնային, երկրորդային, լսողական, հոտառական եւ համային պատրանքներով, ուրեմն գործերը վատ են։ Ստիպված ենք էվթանազիայի ենթարկել։ Հրամանատարը գոռոցով վեր թռավ։ — Դե, բավական է գլուխ տանեք, սկսեք, քննեք մեզ, մուրճով հարվածեք ծնկին, լսեք սիրտը, ստիպեք պպզել ու վեր կենալ, հարցեր տվեք։ — Խոսեք ինչքան կամենում եք։ Հրամանատարը տաքացած խոսում էր մի ամբողջ ժամ։ Հոգեբույժը լսում էր։ — Անհավանական է,— մտածկոտ շշնջաց նա,— կյանքումս այսպիսի ֆանտաստիկ զառանցանք չեմ լսել։ — Գրողը տանի, մենք ձեզ ցույց կտանք մեր տիեզերանավը,— որոտաց հրամանատարը։ — Հաճույքով կնայեմ։ Կարո՞ղ եք այս սենյակում ցույց տալ։ — Իհարկե, ձեր քարտարանում է, «Տ» տառի տակ։ Միստր Ըըը֊ն ուշադիր նայեց քարտարանը եւ հիսաթափված փակեց արկղը։ — Ինչո՞ւ խաբեցիք, այդտեղ ոչ մի տիեզերանավ չկա։ — Իհարկե, չկա, ապուշ, ես կատակեցի։ Իսկ հիմա ասեք՝ խելագարները կատակո՞ւմ են։ 11