Books Երկրացիները | Page 12

— Երբեմն հումորի բավական անսովոր դրսեւորումներ են պատահում։ Լավ, տարեք ինձ ձեր տիեզերանավի մոտ։ Ուզում եմ տեսնել։ Շոգ կեսօր էր, երբ նրանք մոտեցան տիեզերանավին։ — Այսպես,— հոգեբույժը մոտեցավ նավին եւ թխկթխկացրեց։ Ձայնը փափուկ էր, լիքը,— կարելի՞ է ներս մտնել,— հարցրեց նա խորամանկորեն։ — Ներս անցեք։ Միստր Ըըը֊ն մտավ տիեզերանավ եւ սառեց. — Իմ մեղավոր կյանքում ինչ ասես չեմ տեսել, բայց այսպիսի բան… Հրամանատարը սպասում էր, ծամելով գլանակի ծայրը։ — Ամենից ավելի ուզում եմ թռչել տուն եւ ասել մարդկանց, որ այլեւս կապ չփնտրեն այս Մարսի հետ։ Ավելի բթամիտ դանդալոշներ տեսած չկամ… — Ինձ թվում է, հրամանատար, այստեղ երկուսից մեկը աննորմալ է, դրա համար էլ այդքան կասկածամիտ են։ — Միեւնույն է, այս անիծյալները չափն անցան։ Կես ժամ հոգեբույժը քչփորում էր, տնտղում, թխկթխկացնում, լսում, հոտոտում, լեզվով համը փորձում։ Վերջապես նավից դուրս եկավ։ — Դե, համոզվեցի՞ք,— այնպես գոռաց հրամանատարը, ասես դիմացինը խուլ էր։ Հոգեբույժը աչքերը փակեց ու քիթը