— Դուք, իհարկե, անբուժելի եք։ Դուք զարմանալի դժբախտ մարդ եք, միայն մահը կփրկի ձեզ։
Ուզո՞ւմ եք մի վերջին խոսք ասել։
— Սպասեիք, ի սեր աստծո, մի՛ կրակեք։
— Դժբախտ արարած։ Ես ձեզ կազատեմ այս տիեզերանավը եւ այս երեք մարդուն
պատկերացնելու տանջանքից։ Գրավիչ տեսարան կլինի՝ ձեզ սպանում եմ, եւ իսկույն
անհետանում են եւ՛ ձեր բարեկամները, եւ՛ ձեր տիեզերանավը։ Այ թե հոդված կգրեմ իմ այսօրվա
դիտարկումների մասին՝ «Ախտածին պատրանքների քայքայումը»։
— Ես Երկրից եմ, իմ անունը Ջոնաթան Ուիլյամս է, իսկ սրանք…
— Գիտեմ, գիտեմ,— բարեհամբույր նկատեց միստր Ըըը֊ն եւ կրակեց։ Հրամանատարն ընկավ,
գնդակը սրտին էր դիպել։ Նրա ընկերները գոռացին։ Միստր Ըըը֊ն աչքերը չռեց։
— Դուք դեռ գոյությո՞ւն ունեք։ Հոյակա՜պ է։ Ժամանակի եւ տարածության մեջ տեւական
տեսապատրանքներ։— Նա ատրճանակն ուղղեց նրանց վրա,— ոչինչ, ես ձեզ կստիպեմ, որ
անհետանաք։
— Ո՜չ,— գոռացին տիեզերագնացները։
— Լսողական պատրանք նույնիսկ հիվանդի մահից հետո,— գործնական տոնով ասաց միստր
Ըըը֊ն եւ մեկը մյուսի ետեւից սպանեց նրանց։
Նա ոտքով հրեց նրանց, հետո թխկացրեց տիեզերանավին։
Առանց որեւէ փոփոխություն կրելու նրանք անշարժ պառկած էին ավազի վրա։
— Չի անհետացել, նրանք էլ չեն անհետացել։
Նա նորից ու նորից կրակում էր անկենդան մարմիններին, հետո ընկրկեց։ Սառած ժպիտով
դիմակը ընկավ ոտքերի առաջ։
Հոգեբույժի դեմքի արտահայտությունը հետզհետե փոխվում էր։ Նրա ծնոտը կախվում էր։
Ատրճանակն ընկավ թուլացած ձեռքից։ Նրա հայացքը դարձավ դատարկ ու բացակայող։ Նա
ձեռքերը տարածեց եւ կույրի պես խարխափելով շրջվեց։ Նա տնտղում էր մեռած մարմինները,
անընդհատ թուքը կուլ էր տալիս։
— Տեսապատրանքներ,— տենդագին քրթմնջում էր նա,— համ, տեսանելիք, հոտ, ձայներ,
շոշափելիք։
Նա թափահարում էր V