Նա քրքրեց սեղանի դարակները։
— Ո՞ւր եմ խցկել,— նա խոժոռվեց,— այստեղ պետք է լինեին։ Ահա, խնդրեմ,— նա
հրամանատարին մեկնեց թղթերը,— պետք է ստորագրեք։
— Այս ամբողջ անհեթեթությունը պետք է կարդա՞մ։
Ակնոցի հարթ ապակիները ուղղված էին հրամանատարին։
— Բայց չէ՞ որ դուք ասացիք՝ Երկրից եք։ Ուրեմն ձեզ մնում է միայն ստորագրել։
Հրամանատարը ստորագրեց։
— Անձնակազմը նույնպե՞ս պետք է ստորագրի։
Միստր Իիի֊ն նայեց նրան, նայեց մյուս երեքին եւ քրքջաց։
— Նրանք էլ ստորագրեն։ Հա՜, հա՜, հա՜, հրաշալի է։ Նրանք… նրանք,— արցունքները ցած էին
սահում այտերով։ Նա ափով զարկեց ծնկանը, կռացավ, ծիծաղից խեղդվելով կառչեց սեղանից,—
նրանք ստորագրե՜ն…
Տիեզերագնացները մռայլվեցին։
— Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու։
— Նրանք՝ եւ ստորագրել,— ծիծաղից շնչասպառ ասաց միստր Իիի֊ն,— դրանից զվարճալի ի՞նչ
կա։ Ես անպայման կպատմեմ միստր Ըըը֊ին,— շարունակելով ծիծաղել՝ նայեց ստորագրված
բլանկներին,— կարծես թե ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ էվթանազիայի ենթարկելու
համաձայնությունը կա, եթե ի վերջո դրա կարիքն զգացվի։— Նա քրքջաց։
— Ինչի՞ համաձայնությունը։
— Դե լավ, բավական է, ես ձեզ համար որոշ բան կանեմ, ահա ձեզ բանալին։
Հրամանատարը ոգեւորվեց.
— Օ՜, սա մեծ պատիվ է։
— Սա քաղաքի բանալին չէ, հիմար,— ընդհատեց միստր Իիի֊ն։ Սա տան բանալին է։ Գնացեք
միջանցքով, բացեք մեծ դուռը, ներս մտեք եւ շրխկացրեք ձեր ետեւից։ Կարող եք գիշերել այնտեղ։
Միստր Ըըը֊ին առավոտյան ձեզ մոտ կուղարկեմ։
Հրամանատարը տատանվելով՝ վերցրեց բանալին։ Նա գլխահակ կանգնել էր, ընկերները
նույնպես տեղներից չէին շարժվում։ Թվում էր՝ կյանքը սառել է նրանց երակներում, քամել հանել
են տիեզերական ճամփորդության ողջ կիրքը, նրանք սպառվել էին։
— Դե, ի՞նչ պատահեց,— հարցրեց միստր Իիի֊ն, — ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ եք ուզում։— Նա
կիպ մոտեցավ հրամանատարին եւ գլուխը խոնարհելով՝ ուշադիր զննեց նրա դեմքը,— ասացեք։
— Վախենում եմ դուք նույնիսկ ի վիճակի չլինեք…,— սկսեց հրամանատարը,— այսինքն ուզում
եմ ասել, այդ մասին մտածել կամ փորձ անել…,— Նա վարանեց,— մենք շատ ենք տքնել,
այդպիսի երկար ճանապարհ ենք անցել, գուցե արժեր սեղմել մեր ձեռքը եւ թեկուզ ասել.
«Կեցցեք»։
Նա լռեց։
Միստր Իիի֊ն անփութորեն մեկնեց ձեռքը։
— Շնորհավորում եմ,— նրա շուրթերին սառած ժպիտ կար,— շնորհավորում եմ,— նա շրջվեց,—
իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։ Բանալին չմոռանաք։
Այլեւս ուշադրության չարժանացնելով նրանց, կարծես նրանք անէացել էին, միստր Իիի֊ն ետ ու
առաջ էր քայլում սենյակում՝ պայուսակը ինչ֊որ թղթեր լցնելով։ Դա տեւեց մոտ հինգ րոպե, եւ այդ
ընթացքում նա ոչ մի անգամ չնայեց չորս խոժոռադեմ, հոգնածությունից հազիվ ոտքի վրա
7