Books Երկրացիները | Page 6

Նրան նստեցրեց ծնկին եւ քնքշորեն իր լայն ափի մեջ առավ աղջկա թուխ թաթիկները, կարծես մտադիր էր իրիկնային հեքիաթ պատմել՝ անշտապ ծավալվող, հանդամւսնալից ու երջանիկ վերջաբանով։ — Հասկանո՞ւմ ես, փոքրիկս, կես տարի առաջ Մարս եկավ մի ուրիշ տիեզերանավ՝ Յորք անունով մի մարդ, իր օգնականի հետ։ Մենք չգիտենք, թե նրանց ի՞նչ է պատահել։ Գուցե վթարվել են։ Նրանք տիեզերանավով են եկել, ինչպես եւ մենք։ Ա՜յ թե տեսնեիր։ Մեծ, շատ մեծ տիեզերանավ է։ Այնպես որ մենք երկրորդ արշավախումբն ենք, մեզնից առաջ եղել է աոաջինը։ Մենք երկար ենք թռել, Երկրից ենք։ Առանց մտածելու աղջնակը ետ քաշեց ձեռքը եւ դեմքը ծածկեց անարտահայտիչ ոսկեգույն դիմակով, ապա քանի դեռ հրամանատարը խոսում էր, մի ոսկյա խաղալիք սարդ հանեց եւ շրխկացրեց գետնին։ Խաղալիք սարդը հնազանդորեն մագլցեց աղջկա ծունկն ի վեր, իսկ նա հանգիստ ու անտարբեր հետեւում էր՝ իր անհույզ դիմակի ճեղքի միջից։ Հրամանատարը մեղմորեն ցնցեց նրան եւ համառությամբ շարունակեց իր պատմաթյունը։ — Մենք երկրացիներ ենք,— ասաց նա,— դու հավատո՞ւմ ես։ — Այո,— աղջիկը նայում էր փոշու վրա իր հետքերի թողած նախշերին։ — Ի՜նչ խելոքն ես,— հրամանատարը բարեհոգաբար, բայց մի քիչ չարացած կսմթեց նրա ձեռքը, որ ստիպի իրեն նայել։— Մենք տիեզերանավ ենք կառուցել, հավատո՞ւմ Ես։ Աղջիկը մատը խոթեց քիթը։ — Ըհը։ — Դե՛, դե՛, մատդ քթիցդ հանիր… Ես հրամանատար եմ… — Պատմության մեջ դեռ ոչ ոք այդպիսի հզոր տիեզերանավով տիեզերք դուրս չի եկել,— աչքերը կկոցելով հայտարարէց փոքրիկը։ — Հրաշալի է, ինչպե՞ս կռահեցիր։ — Օ՜, հեռազգացություն է,— նա անփութորեն մատը քսեց ծնկանը։ — Դե՛, մի՞թե քեզ համար հետաքրքիր չէ,— բացականչեց հրամանատարը,— մի՞թե դու ուրախ չես։ — Դուք ավելի լավ է շուտ գնաք միստր Իիի֊ի մոտ,— աղջնակը խաղալիքը վայր գցեց,— նա հաճույքով կխոսի ձեզ հետ։ Եվ նա վազեց։ Նրան կրնկակոխ հետեւում էր խաղալիք սարդը։ Հրամանատարը պպզած՝ ծեռքը պարզել էր աղջկա կողմը եւ նայում էր նրա ետեւից։ Նա զգաց ինչպես են արցունքները լճանում աչքերում, նայեց դատարկ ձեռքերին ու անօգնական բացեց բերանը։ Ընկերները կանգնել էին կողքին ու հայացքները հառել սեփական ստվերներին։ Նրանք թքեցին փողոցի սալահատակին… Միստր Իիի֊ն անձամբ բացեց դուռը։ Նա շտապում էր դասանխոսության, կարող էր նրանց մի րոպե միայն նվիրել, եթե արագ ներս մտնեին եւ ասեին, թե ինչ է իրենց հարկավոր։ — Փոքրինչ ուշադրություն,— հոգնատանջ ասաց հրամանատարը՝ թարթելով կարմրած աչքերը,— մենք Երկրից ենք, եկել ենք տիեզերանավով, չորս հոգի ենք՝ երեք տիեզերագնաց եւ հրամանատարը։ Մենք հալից ընկել ենք, ուտել ենք ուզում, Մեզ գիշերելու տեղ է հարկավոր։ Թող մեկը քաղաքի բանալին մեզ հանձնի կամ այդ կարգի ինչ֊որ բան, թող սեղմեն մեր ձեռքերը, «ուռա՜» գոչեն, շնորհավորեն։ Այսքանը։ Միստր Իիի֊ն բարձրահասակ, Նիհար, մելամաղձոտ անձնավորություն էր, նրա դեղնավուն աչքերը թաքնվել էին ակնոցի հաստ կապույտ ոսպնյակների ետեւում։ Գրասեղանին հակված՝ նա մտածկոտ ինչ֊որ թղթեր էր թերթում եւ ժամանակ առ ժամանակ իր թափանցող հայացքը հյուրերին ուղղում։ — Վախենամ թե բլանկ չունենամ։ 6