Because Bored that's why! Teghut by Sona | Page 5

1. Հանքի շահագործման թույլտվությունը Կառավարության կողմից տրվել է ապօրինի: Խախտվել են ՀՀ Սահմանադրությունը (հոդված 10, 31, 33.2, 48), մի շարք օրենքներ, այդ թվում` Բուսական և Կենդանական աշխարհի մասին օրենքները,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքը, Սեյսմիկ անվտանգության մասին օրենքը և այլն, միջազգային կոնվենցիաներ, ինչպես օրինակ Շրջակա միջավայրի մասին որոշումների կայացման գործում հանրային իրազեկման, հանրային մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիան, Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գրահատման Էսպուի կոնվենցիան, մարդու իրավունքների մի շարք հռչակագրեր ու կոնվենցիաներ:

2. Հանքի շահագործումը անվերականգնելի և հսկայական վնաս է պատճառելու շրջակա միջավայրին. թունավորվելու են գետեր և ստորջրյա աղբյուրներ, աղտոտվելու է օդը և հողը, վերանալու են դառնալու բազմաթիվ կենդանատեսակներ ու բուսատեսակներ: Հավանական է, որ ծանր մետաղներով լցված պոչամբարը փլուզվի, քանի որ տարածաշրջանը գտնվում է ավերիչ երկրաշարժերի գոտում, և բացի այդ, հանքարդյունաբերող կազմակերպության հեռանալուց հետո պոչամբարի պահպանման ծախսերը հարյուրամյակներ շարունակ իր վրա պիտի վերցնի պետությունը: Շրջակա միջավայրին հասցվող վնասը սխալ է հաշվարկվել, կիրառվել են խորհրդային շրջանի ժամկետանց հաշվարկային համակարգեր, կեղծիքներ են տեղի ունեցել, չեն հաշվարկվել այլ տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունն ու առավելությունները:

3. Հանքի շահագործման արդյունքում հողի, օդի ու ջրի թունավորման պատճառով անխուսափելիորեն վնաս է հասցվելու մարդկանց առողջությանը: Մասնավորապես հայտնի է, որ հանքավայրում (հատկապես պոչամբարում) առկա ծանր մետաղներն առաջացնում են ուռուցքային հիվանդություններ, շնչառական, թոքային, սրտանոթային հիվանդություններ, արատավոր ծնունդներ և այլն:

4. Հողի և ջրային ռեսուրսների թունավորման արդյունքում տարածաշրջանը արդեն մի քանի տարի անց դառնալու է գյուղատնտեսական իմաստով անօգտագործելի` հազարամյակներ շարունակ: Սա առաջացնելու է տնտեսական հետևանքներ` բնակիչների միակ եկամտի աղբյուրը կարող է լինել հանքը, անտառային բարքիների և գյուղատնտեսության միջոցով այլևս հնարավոր չի լինի վաստակել: Սա կհանգեցնի տեղական բնակչության շարունակական և տևական աղքատացմանը, հիվանդությունների աճին, իսկ հետագայում նաև արտագաղթին:

5. Հայաստանը զուտ հումք արտահանող երկիր է դարձել, որ արգելակում է երկրի ու ժողովրդի տևական զարգացման հիմնական հնարավորությունների հեռանկարները: Թեղուտի հանքից արդյունահանվելու է պղնձի և մոլիբդենի խտանյութ, որն արտահանվելու է հիմնականում դեպի Եվրոպա, իսկ հումքի երկրորդական արտադրություն ՀՀ-ում չի զարգանալու: Հումքը վաճառվում է շատ էժան, իսկ երկրորդական արտադրությունն ապահովում է մի քանի անգամ ավելի բարձր եկամուտ:

6. Հանքից ստացված եկամուտները շատ քիչ են հարկվում ՀՀ-ում: Ընդհանուր առմամբ հարկերը կազմում են շուրջ 21%, մինչդեռ համեմատության համար, Նորվեգիայում հանքարդյունաբերությունը հարկվում է 74%, Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում 78%, Ինդոնեզիայում 83% և այլն: Բնապահպանական վճարները ցածր են, թափոնների համար հանքարդյունահանող ընկերությունները ոչինչ չեն վճարում, հանքի տարածքի հետագա պահպանումն ու հողի ռեկուլտիվացումը պետության պարտավորությունն են: Նշենք, որ հանքարդյունաբերության համար հողերն օտարվել են գերակա հանրային շահի անվան տակ, մինչդեռ իրականում հանրության ունեցվածքն ու ազգային հարստությունը թալանվում են հանուն մասնավոր ընկերության շահի:

7. Հանքարդյունահանող ընկերությունը գրանցված է Լիխտենշտեյնում, օֆշորային գոտում (հարկային դրախտ), ուստի նրա սեփականատերերի ու հիմնադիր կապիտալի մասին տեղեկությունները գործնականում գաղտնի են և հանրությանն անհասանելի են:

8. Հանրությունն օտարվել է հանքի մասին որոշումների կայացման գործընթացից: Շահագրգիռ հանրությունն իմացել է հանքի մասին, երբ հիմնական որոշումներն արդեն կայացված են եղել:

9. Թեղուտի տարածքում հայտնաբերվել են միջնադարյան և հնագույն շրջանի պատմամշակութային շերտեր, որոնք հանքի շահագործման արդյունքում կամ կմնան պոչամբարի տակ, կամ, լավագույն դեպքում, այլ վայր կտեղափոխվեն:

10. Բնական պաշարների ոչ ողջամիտ օգտագործման արդյունքում ապագա սերունդները զրկված կլինեն բնական պաշարներից ու տևական զարգացման հնարավորությունից: