Թեղուտը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում` Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից շուրջ 35կմ հեռավորության վրա: Թեղուտը բարդ աշխարհագրությամբ և գեղատեսիլ բնությամբ տեղամաս է` անտառներով և գետերի կիրճերով: Տարածքը համարվում է երկրաշարժերի ու սողանքներ ենթակա շրջան: Շնող գետը, իր Կռունկ, Խառատաձոր (վերանվանվել է Պակասաջուր) և Դուքանաձոր վտակներով, շրջակա Թեղուտ և Շնող գյուղերի խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրն է: Իր հերթին, Շնող գետը թափվում է Դեբեդ գետ, որն էլ հոսում է դեպի հարևան Վրաստան: Թեղուտի շրջանը հարուստ է նաև մշակութային և պատմական վայրերով, որոնք թվագրվում են մինչև միջնադար և հնագույն շրջան:
Թեղուտը Հայաստանի Հանրապետության լավագույն պահպանված անտառային տարածքներից` այստեղ են բնակվում շուրջ 200 տեսակի բույսեր, 55 տեսակի կաթնասուններ, 86 տեսակի թռչուններև 4 տեսակի երկկենցաղներ: Նրանցից շատերը հազվագյուտ կամ վտանգված տեսակներ են և գրանցված են Հայաստանի և Միջազգային Կարմիր գրքերում:
Թեղուտի անտառին հարակից գյուղերն են Թեղուտը և Շնողը` ընդհանուր առմամբ ավելի քան 3600 բնակչությամբ: Տարածքի կլիման բարենպաստ է գյուղատնտեսության և մեղվաբուծության համար. Խորհրդային Միության կոլեկտիվ տնտեսությունների փլուզումից հետո մարդիկ այստեղ գոյատևել են հիմնականում գյուղատնտեսության և անտառային բարիքների միջոցով:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հայտնաբերվել է դեռևս 1972 թ.: 2001թ. Armenian Copper Program (ACP) ՓԲԸ, որը Լիխտենշտեյնում գրանցված Vallex F.M. Establishment կորպորացիայի ընկերություններից մեկն է, լիցենզիա ստացավ հանքավայրի շահագործման համար: 2004թ. ՀՀ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ACP-ի լիցենզիան նորոգվեց` մինչև 2025թ. ժամկետով: 2006թ. նոյեմբերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատեց ACP-ի ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցները (ՇՄԱԳ) ՝ այդպիսով թույլատրելով հանքի շահագործումը: 2007թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն առանց մրցույթի 50 տարի ժամկետով 1491 հեկտար (հա) հող էր տրամադրվում Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար: Վերը նշված բոլոր որոշումները կայացվել են ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախտումներով:
Հանքի համար հատկացված տարածքի 82.6%-ը (1232 հա) անտառածածկ է, որից 357 հա նախատեսված էամբողջովին հատել, իսկ 756.6 հա պետք է ծառայի որպես սանիտարական գոտի: Անտառածածկ սարերից մեկի վրա` Դուքանաձոր գետի կիրճում, փորվում է 600 մետր խորությամբ պոչամբար (թունավոր թափոնների ամբար), որտեղ տեղակայվելու է 500 միլիոն տոննա պոչանք (թունավոր թափոն) և 600 միլիոն տոննա այլ տիպի թափոն:
2007թ. ՀՀ կառավարությունը տնտեսության գերակա ճյուղ ճանաչեց հանքային արդյունաբերությունը, որի ամենախորհրդանշական զոհը դարձավ Թեղուտը: Թեղուտը խորհրդանշական դարձավ նաև հանքարդյունաբերության և բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ պայքարի իմաստով, քանի որ հանքի շահագործման ծրագիրն իր մեջ ներառում է լրջագույն օրինախախտումներ ու իրավախախտումներ, շրջակա միջավայրին հասցվող անվերականգնելի վնաս, մարդկանց կյանքին ու առողջությանը հասցվող հսկայական վնաս, եկամուտների ծայրահեղ անհավասար վերաբաշխում, բնական ռեսուրսների անողջամիտ սպառում առանց հետագա արտադրական շղթաների զարգացման ու առանց ապագա սերունդների մասին մտահոգվելու, և բազմաթիվ այլ անարդարություններ:
Թեղուտի համար պայքարի ընթացքում հիմնախնդրի ձևակերպումը որոշակի փոփոխության է ենթարկվել: Եթե սկզբնական շրջանում հիմնական շեշտը դրվում էր բնապահպանության վրա, հետագայում ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձվել նաև սոցիալական և տնտեսական կողմերին:
Թեղուտի պայքարում ձևակերպված հիմնախնդիրները հետևյալն են`