Because Bored that's why! Teghut by Sona | Page 6

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության նպատակներն ու պահանջներն են`

1. Դադարեցնել Թեղուտում հանքարդյունաբերական ծրագիրը

2. Վերականգնել բնությանը հասցված վնասը

3. Հատուցել Հայաստանի Հանրապետությանը և տեղի բնակիչներին հասցված տնտեսական վնասը

4. Այլընտրանքային արդար և առողջ տնտեսություն զարգացնել Թեղուտում և տարածաշրջանում, որը կխթանի համընդհանուր բարիքն ու տևական զարգացման հնարավորությունները

5. Իրավական պատասխանատվության ենթարկել անօրինական որոշում կայացնողներին

6. Նպաստել Հայաստանում հանքարդյունաբերության հետ կապված օրենքների խստացմանն ու հարկերի ավելացմանը`հօգուտ հանրային բարիքի:

2011թ-ի վերջից, Թռչկանի հաղթանակից հետո տեղի ունեցավ բնապահպանական խմբերի և քաղաքացիական ակտիվիստների համախմբում և Թեղուտի հարցը կրկին բարձրացավ հանրային օրակարգ: Թեղուտի հարցը թեժ էր հանրային օրակարգում նաև 2012թ. Մաշտոցի պուրակի պայքարի ընթացքում, մանավանդ որ Թեղուտի պաշտպանության նախաձեռնության ակտիվիստներից շատերը Մաշտոցի պուրակի պայքարի կազմակերպիչների կորիզ խմբում էին: Այնուամենայնիվ, Մաշտոցի պուրակի պայքարի ազդեցությունը Թեղուտի պաշտպանության գործընթացների վրա տարբեր կերպ է ընկալվում ակտիվիստների շրջանում: Մի մասի կարծիքով այն ակտիվիստների ուշադրությունը ժամանակավորապես շեղեց Թեղուտի խնդրից և ամբողջ ռեսուրսներն ուղղեց դեպի Մաշտոցի պուրակի պայքարը՝ մասնավորապես խոսքը գնում է ուղղակի գործողության ռեսուրսի մասին: Մյուս մասի կարծիքով, Մաշտոցի պուրակի պայքարը հնարավորություն տվեց ակտիվիստներին դասեր քաղելու եռամսյա այդ ինտենսիվ քաղաքացիական պայքարի որակական փորձից ու մարտահրավերներից, ձեռք բերել զգալի հանրային համակրանքի և վստահության կապիտալ, քաղաքացիական շարժման լեգիտիմության ճանաչում՝ ներազգային և միջազգային մակարդակներում, ինչն անհրաժեշտ է Թեղուտի պայքարում հաջողության հասնելու համար:

Թեղուտի համար պայքարը շարունակվում է բազմազան ճակատներով:

Մինչև այժմ ունեցած հիմնական նվաճումները հետևյալն են`

1. Թեղուտի և հանքարդյունաբերության խնդիրը բարձրացել է հանրային օրակարգ, Երևանում, մարզերում և Սփյուռքի մի շարք համայնքներում:

2. Թեղուտի հարցի շուրջ համախմբվել են բարձրորակ փորձագիտական ներուժ և ռեսուրսներ իրավագիտության, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիայի և այլ ասպարեզներում: Մի շարք այլ ոլորտներում մասնագետների խիստ պակաս կա:

3. Միջազգային իրավական դաշտում նվաճումներ են գրանցվել: Մասնավորապես Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովի կողմից ճանաչվել է, որ Թեղուտի հարցում Հայաստանի պետական կառավարման համակարգը չի կատարել շահագրգիռ հանրությանը ժամանակին իրազեկելու և որոշումների կայացման գործընթացում ներգրավելու իր պարտավորությունները: 2012թ. դեկտեմբերին կամ 2013թ. մարտին Օրհուսի կոմիտեն որոշում կկայացնի նաև ՀՀ իշխանությունների կողմից Թեղուտի գործում արդարադատության մատչելիության ապահովման վերաբերյալ:

4. Հաջողությամբ սկսել է Թեղուտում այլընտրանքային առողջ ու արդար տնտեսություն զարգացնելու փորձնական ծրագիր: 2012թ. աշնանը ակտիվիստների մի խումբ Երևանում կամավոր հիմունքներով կազմակերպել է Թեղուտ և Շնող գյուղերի մեղրի և որոշ գյուղատնտեսական մթերքի վաճառք, որի շահույթն ամբողջությամբ գնում է արտադրող գյուղացիներին[5]:

5. Աշխատանք է տարվել նաև Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրն ու դրա ֆինանսավորողների էությունը քողազերծելու և նրանց նկատմամբ հակակրանքի ալիք ստեղծելու ուղղությամբ, ինչը մասամբ հաջողվել է: