Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 46

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Սարգիսի մարմնով դող անցավ: Իրենք անձամբ կտրամադրեին կադրերը համապատասխան մարմիններին, բայց ինչն է պատճառ դարձել, որ իրենց փնտրում են: Այն էլ ԱԱԾ-ը: Սարգիսն արագ իջեցրեց կողապակին ու որքան հնարավոր է բարձր կանչեց, բայց Անին բավական հեռացել էր ու դժվար թե լսեր: Պետք էր շտապել և որքան հնարավոր է արագ ուղարկել տեսանյութը: Այն մեծ ծավալ ուներ, որի պատճառով պետք էր նախ վերբեռնել էլեկտրոնային փոստարկղի հիշողություն, այնուհետև հղումը ուղարկել հասցեատիրոջը: Սարգիսն արագ փոխեց հասցեն ու դուրս եկավ մեքենայից: Էկրանին երևում էր վերբեռնման չափը՝ 89%: *** Անիի ոտքն այնպես էլ այտուցվել, որ թվում էր թե հիմա կոշիկը կփայթի: Բայց նա ուշադրություն չդարձրեց ու անցնելով արգելապատնեշը սկսեց թեք զառիթափով իջնել: Ամենուր աղմուկ էր, չէին դադարում մեքենաների ազդանշանները: Վերջապես մոտ հիսուն մետր քայլելուց հետո, հասավ ծխացող մեքենային: Մեքենան ամբողջովին այրված վիճակում էր: Հրշեջները դեռ շարունակում էին մարել մեքենայի սրահում բոցկլտացող կրակը: Շուրջն արդեն իսկ անցկացված էին երիզներ, որոնք զգուշացնում էին՝ չմտնել: Բայց Անին մթության մեջ չնկատեց ու պատահմամբ պոկեց այն: ―Չի՛ կարելի, ե՛տ գնացեք,― լսվեց կողքից: Անին չլսելու տվեց ու հասցրեց մի քանի անգամ սեղմել լուսանկարահանման կոճակը: ―Ես ձե՛զ հետ եմ, ե՛տ գնացեք,― թիկունքից լսվող ձայնն ավելի հստակ լսվեց ու ինչ-որ մեկը փորձեց ետ պահել Անիին: Կանչողը ոստիկան էր: Անին շրջվեց դեպի ոստիկանն ու մթության մեջ կարողացավ տարբերել կոչումը: 46