Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Page 45

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ Սարգիսը տեսավ մեքենաների երկար շարասյունը, հետո ձորում նկատեց մարդկանց ստվերներ ու ծխի հսկայական ամպ: Առաջ շարժվելու հնարավորություն չկար: Ճանապարհը փակել էին ոստիկանական մեքենաները, ճամփեզրին կանգնած էին հրշեջ ու շտապօգնության մեքենաներ: ―Ահա և վթարի վայրը, տեսնես որքան կմանանք այստեղ… ―Չենք մնա, մեր մասնագիտական աշխատանքը կանենք: Սարգիսն այնպես նայեց Անիին, ասես առաջին անգամ էր տեսնում: Անին համակարգիչը խոթեց Սարգիսի գիրկն ու սկսեց ուսապարկի մեջ լուսանկարչական սարքը փնտրել: ―Անի, դու այս հագուկապով դո՞ւրս ես գալու մեքենայից: Անիի դեմքին հայտնվեց խորամանկ ժպիտ: ―Չկասկածես: Հետևիր, որ տեսանյութը տեղ հասնի, իսկ ես մի քանի լուսանկար կանեմ: Անին դեռ չէր բացել մեքենայի դուռը, լսվեց տեսազանգի ձայնը: ―Էդգարին կասես, որ իմ ձեռքից չի պրծնի,―ավելացրեց Անին ու դուռը փակեց: ―Էդգա՞ր: ―Սաք, Անին ո՞ւր է: ―Հենց նոր մեքենայից դուրս եկավ՝ վթարը նկարելու: ―Սաք, թույլ մի՛ տուր, որ մոտենա ոստիկաններին: Կապն ընդհատվեց, բայց վայրկյաններ հետո եկավ հաղորդագրություն: «Ես չգիտեմ ինչեր եք արել այդտեղ, բայց րոպե առաջ ազգային անվտանգության աշխատակիցները ձեզ էին հարցնում: Ողջ խմբագրությունը տակն ու վրա կլինի հիմա: Այնպես որ, որքան հնարավոր է արագ ուղարկիր ձայնագրությունն ու տեսանյութը գաղտնի էլփոստին: Հանկարծ չպատասխանես այս նամակին, ջնջիր այն ու չզանգես: Կարող են առգրավել: Գտիր Անիին»: 45