Armen Mkheyan Քողարկված ճշմարտություն | Seite 32

Արմեն Մխեյան ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆ ընկավ ու ընկղմվեց ջրի մեջ: Անին փորձում էր շարժել ձեռքերը, դուրս լողալու ու հնարավոր ամեն ինչից կառչելու համար: Բայց ապարդյուն: Չէր կարողանում մյուս ոտքը գետնին դնել: Մարմինը կիսապառկած վիճակում էր հայտնվել ու անկարող էր որևէ կերպ ջրից դուրս լողալու: Դեռ փոքրուց ջրից վախը այքան մեծ էր, որ անգամ լողալ չէր սովորել: Անիին թվաց, որ հիմա ամեն ինչ կվերջանա: Ոտքը դեռ չէր կարողանում շարժել, իսկ կանգնել անհնարին էր: Զգաց, որ խեղդվում է: Ձեռքը առաջ պարզեց ու զգաց, որ ափը ջրից դուրս է գտնվում: Այնքան ցանկալի օդը մի քանի սանտիմետր էր բաժանված իրենից: Մյուս ոտքը նորից փորձեց հենել հատակին, բայց հենց այդ պահին մի ուժ այնպես քաշեց ձեռքից, որ Անին ահից ճչաց, ու ջուրը լցվեց բերանը, բայց մարմինը մեծ թափով սկսեց վեր բարձրանալ ու մեկ ակնթարթ հետո նա հայտնվեց ջրից դուրս: Աչքերն ակամա բացեց ու այս անգամ Սարգիսի հետ ընկավ ջրի մեջ: Սարգիսն այնպիսի ուժով էր քաշել Անիի ձեռքից, որ հիմա էլ հակառակ ուղությամբ միասին հայտնվեցին ջրի մեջ: Սակայն այժմ կարող էր կանգնել ու, երբ ոտքերը կպան գետնին, գլուխը դուրս հանեց ջրից: Կողքին Սարգիսն էր: Ջուրն արդեն կիսով չափ ծածկել էր քարայրը: ―Սարգիս,― չկարողացավ զսպել լացը Անին ու գրկեց Սարգիսին: ―Մենակ չասես թե մտածեցիր մահացել եմ,― խոսեց Սարգիսը: Անին նկատեց, որ Սարգիսի բաճկոնը պատված է արյամբ: ―Դու վիրավոր ես, Աստված իմ: ―Դրա ժամանակը չի, օգնիր եռոտանին գտնել: Սարգիսը սկսեց ոտքերը շարժել, մինչև հանդիպեց ձողի: ―Գտա, ―բացականչեց նա և ընկղմվեց ջրի մեջ: Պարանը գտնելն ավելի դժվար եղավ: Բայց Սարգիսն այն հանեց քարակույտի միջից ու օղակն երկաթե ձողի միջոցով հեշտությամբ կարողացավ անցկացնել քարե ելուստին: Փրկությունը մոտ էր: 32