Armen Mkheyan Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ | Page 28
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Տղամարդը մի պահ կանգ առավ ու նայեց շուրջը: Գարունը
լիիրավ տիրակալ է դարձել: Անտառակի եզրից երևում էին
ծաղկած ծիրանենիները:
«Քիչ մնաց, հիմա կհասնեմ ուռենուն», — մտածեց նա ու քայլեց
առաջ:
Քայլերն արագացրեց: Ոլորուն արահետից այն կողմ, ահա և
հասավ…
Երբ հասավ այն վայրը, ուր շտապում էր րոպե առաջ տեղ
հասնել, հիասթափված կանգ առավ: Ուռենին չկար ու
հավանաբար վաղուց, իսկ որքան անուն և նշաններ էր իր կեղևի
վրա հանդուրժում բարի ու խոնարհ ծառը: Բայց այն չկար հիմա,
ասես անցյալի ու առաջին սիրո լուռ վկան լռել էր հավիտյան:
Սակայն գետակը և ուռենու մոտ գտնվող քարը, որի վրա նա շատ
անգամ էր նստել, պառկել ու հաճախ նիրհել, տեղում էին: Փոխվել
էր նաև իր առջև բացվող տեսարանը: Տարիներ առաջ դիմացից
ձգվում էր անծայր հորիզոնն, ու ծառերի կատարները հորիզոնին
էին ձուլվում: Այժմ այստեղ բնակելի տներ ու անգամ
բարձրահարկեր են կանգնած: Նա նայեց շուրջը ու չնկատեց
անգամ, թե ինչպես նստեց այն քարին, որի վրա տարիներ առաջ
կարողանում էր ողջ մարմնով տեղավորվել: Որքա՜ն կցանկանար
հետ գնալ, շրջել ժամանակը, սեփական քայլը փոխել ու հիմա
հավանաբար ներկան այլ կլիներ: Բայց ինչ դաժան է ժամանակը:
Այն թռչում է ակնթարթի հետ ու երբեք թույլ չի տալիս փոխել
անցյալը, ավելին. ներկայում պատժում քեզ հենց այդ անցյալի
սխալների համար: Բայց հնարավո՞ր է արդյոք չսխալվել ու
ներկայի բացթողումների և սխալների համար պատասխան չտալ:
Անհնար է: Այդ անցյալը, որ կարծես չկա ու երբեք չի էլ եղել, միշտ
կպատժի ներկայի ձեռքով, կստիպի փոխել ապագան... Բայց
ապագան չկա, ու չկա նաև ներկան: Ամեն ինչ ապագա ու անցյալ
տեսակավորմամբ է մեր առջև պատկերվում, իսկ ներկան
վայրկյանի տեսքով մի ակնթարթում դառնում անցյալ: Փորձել ետ
բերել անցյալն առնվազն խենթություն է: Ամեն ինչ այս
30