Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 9

– Ա՜յ բալա, էս ինչ փորձանքի մեջ ընկար, – ասաց հայրս, – մի քիչ կամաց քշեիր, էլի՜: – Պա՜պ, ես քշում էի նորմալ, էդ աղջիկները կանգնեցին, իրանք էլ էին մեղավոր, – փորձեցի ինչ-որ բացատրություն տալ, թեև հոգու խորքում լավ հասկանում էի, որ մե՜կ է, մեղավորը ե՜ս էի, քանի որ պետք է դանդաղ վարեի մեքենան: Բախտս բերեց. տուժած աղջիկը ինձ մեղադրանք չներկայացրեց, նա հրաժարվեց որևէ բան գրել կամ ասել: Հավանաբար նրա վրա տպավորություն էր թողել այն, որ ես անմիջապես վերցրել ու տարել էի նրան հիվանդանոց, կամ էլ ուղղակի վախեցել էր իմ հասցեին բան ասել, բողոքել՝ երևի մտածելով որ հաշվեհարդար կտեսնեմ իր հետ: Սակայն դա իհարկե բացառված էր, ես հո այդպիսի մարդ չէի: Իմ ամբողջ ուշքն ու միտքն այդ աղջիկն էր, որին, ի դեպ, առաջին իսկ հայացքից շատ էի հավանել: Ահավոր անհանգիստ էի նրա համար, ամեն վայրկյան մտածում էի, որ տեսնես ի՞նչ եղավ նրան, ինչպե՞ս է հիմա, ինչպե՞ս անցավ վիրահատությունը: Իմ մտքով չէր էլ անցնում անգամ, որ այդ աղջիկը, նա, ով իր երկու ընկերուհիների հետ այդպես անհոգ ու ուրախ անցնում էր փողոցը և, վերջապես՝ նա, ում ես այդպես ուժեղ վնասեցի, հետագայում դառնալու է իմ կինը… Մայրս նույնպես եկել էր վարչություն: Ինձ քննելուց հետո, «պայմանական» ազատ արձակեցին, սակայն հաջորդ օրը առավոտյան ես պիտի ներկայանայի բաժանմունք: Հորս ընկերը ընդառաջեց ինձ, քանի որ նոր էի եկել բանակից, անգամ չէի հասցրել փոխվել, համազգեստս էլ, հատկապես՝ բաճկոնս, լրիվ արյուն էր եղել: Այնպես որ, ինձ թույլ տվեցին գնալ տուն, փոխվել, այդ գիշեր