Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 10
ծնողներ չուներ, Երևանում ապրում էր վարձով, իսկ բարեկամներն այնքան հեռու էին ապրում, որ հիվանդանոց եկել էին միայն նրա մորեղբոր
կինն ու աղջիկը, այն էլ՝ դեպքից մի քանի օր հետո:
Մայրս ամեն օր հիվանդանոց էր գնում, ուտելիք տանում, խնամում
աղջկան, իսկ հետո, երբ նրան դուրս գրեցին, մենք որոշեցինք տանել
աղջկան մեր տուն ու պահել նրան այնքան ժամանակ, մինչև որ նա լրիվ
ապաքինվեր ու ոտքի կանգներ: Նրա ազդրի մեջ մետաղյա ամրակ էին
տեղադրել, և ժամանակ էր պետք, որ վերքերն ապաքինվեին: Աղջիկն
սկսեց ապրել մեր տանը, մենք շատ մտերմացանք, շատ սիրեցինք ու
կապվեցինք նրան: Նա էլ մեզ սկսեց սիրել հարազատի նման, արդեն
մեր տան անդամի պես էր: Երբ Քնարիկը, այդպես էր աղջկա անունը,
ապաքինվեց, հայրս ասաց, որ այդ աղջիկը էլ մեր տանից ոչ մի տեղ
չպիտի գնա: Հորս ցանկությունն իմ սրտով էր, քանի որ ես հենց սկզբից
էլ շատ հավանել էի այդ գեղանի օրիորդին: Մենք ամուսնացանք, ընտանիք կազմեցինք, երեխաներ ունեցանք: Քնարիկը, ավարտելով
ուսումը, սկսեց բժշկի կարիերան, մեծ հաջողությունների հասավ,
դարձավ անվանի սրտաբան, որոնց նմաններին կարելի է մատների վրա
հաշվել հանրապետությունում: Մինչև հիմա սիրով միասին ապրում ենք,
արդեն թոռներ ունենք ու երբեմն-երբեմն հիշում ենք մեր ծանոթության,
մեր հանդիպման այդ արտառոց պատմությունը:
Դեպքից հետո քանի՛ տարի շարունակ ես, երբ գիշերը պառկում էի
քնելու, իսկ կողքիս էլ սիրելի կինս էր, մտածում էի՝ տեսնես ի՞նչ կլիներ,
եթե ես այդ օրը նրան չգցեի մեքենայի տակ: Դեպքի առաջին իսկ վայրկյանից մինչև հիմա միշտ ցավում եմ կնոջս համար, որ այդպիսի ցավ
պատճառեցի նրան, մինչև հիմա սիրտս մղկտում է, որ նա այդպիսի
ցավեր կրեց ու անցավ ապաքինման երկար ու դժվարին ճանապարհը:
Սակայն, միևնույն ժամանակ, հոգու խորքում մի տեսակ ուրախանում եմ,
որովհետև, եթե չլիներ այդ դեպքը, ապա ես երևի երբեք չէի հանդիպի
նրան, չէի գտնի իմ կյանքի մեծ ու իսկական սերը, երբեք չէի լինի
այնքան երջանիկ, որքան հիմա:
Առլեն Շահվերդյան. «Այնքան երջանիկ, որքան հիմա»: © Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014:
10