Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 8
– Ես չգիտեմ, թե ովա Նիկողոսյանը, ի՞նչ Նիկողոսյան, – զարմացա
ես: Կյանքում չէի լսել հորս ընկերոջ ազգանունը, նրան ճանաչում էի, թեև
հիշում էի գրեթե երեք տարվա հեռավորությունից: Իսկապես նրան
ազգանունով չգիտեի, ես նրան Գուրգեն հոպար էի ասում: Եվ երբ
ասացին, որ Նիկողոսյանը ասել է, որ ինձ տանեն իր մոտ, ես անմիջապես մտածեցի ամենասարսափելին. երևի տուժած աղջիկը ինչ-որ
մեծահարուստի կամ պաշտոնյայի աղջիկ է, և կանչողն էլ հավանաբար
նրա հայրն է, այնպես որ հիմա ինձ տանում են ու վերջս տան, այնքան
ծեծեն, որ մեռնեմ:
Սաստիկ վախեցա, փորձեցի դիմադրել, որ չտանեն, սակայն
ձեռքերս ոլորեցին ու նստեցրին մեքենան: Երբ հասանք քաղաքային
վարչություն, նկատեցի հորս ՙպադավատը՚, հանգստացա, հասկացա,
որ հայրս եկել է, էլ մենակ ու անտեր չեմ:
Գնդապետ Նիկողոսյանը դուրս եկավ շենքից հորս հետ և մոտենալով ինձ ձեռնաշղթաներով բերող երկու միլիցիոներներին՝ ասաց.
– Մի հատ բա՜ց թողեք էդ երեխուն, հանեք ՙնառուչնիկները՚:
– Բայց… պարո՜ն գնդապետ…, – փորձեց հակառակվել
միլիցիոներներից մեկը:
– Ասեցի՝ հանե՜ք, թե չէ հեսա էդ «նառուչնիկները» կհանեմ ու
վզի՜ցդ կգցեմ, – խիստ, հրամայական, սարսափեցնող ձայնով ասաց
գնդապետը:
– Լսո՜ւմ եմ, – պատասխանեցին միլիցիոներներն ու արձակեցին
ձեռքերս:
– Էս երեխեն փախչող էրեխեքից չի, որ ըտենց բռնել ու կապել եք, –
ասաց գնդապետը: Որ փախչող լիներ՝ դեպքի վայրից կփախչեր, իսկ
ինքը աղջկան գրկել ու հիվանդանոց է բերել, հերիք չի, մի հատ էլ մոտը
մնացել, անհանգստացել է: Նառուչնի՞կս որնա: Թողեք ինքը իրա ոտքով
կբարձրանա:
Հայրս մոտեցավ, փաթաթվեց ինձ: Ես մի պահ այնպես տխրեցի, որ
մեր հանդիպումն այդպիսի պայմաններում եղավ: Էլ չեմ ասում, որ հորս
համարյա մի աչքով էի տեսնում. այն միլիցիոների հարվածից աջ աչքս
այնպես էր ուռել, որ գրեթե փակվել էր:
Առլեն Շահվերդյան. «Այնքան երջանիկ, որքան հիմա»: © Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014:
8