Մարդ-քաղաքը ոչ միայն ներկայի պրոյեկցիան էր Քոչարի արվեստում , այլև մարգարեությունը ապագայի մարդու հոգկերտվածքի ։ « Հոմո Սապիենս » ( Նկար 4 ), « Մարդ-Քաղաք » սերիա ( Նկարներ 1 և 2 ), « Երկփեղկվածը » ( Նկար 3 ), « Մելամաղձություն » ( Նկար 5 ․ 1-5 ․ 4 ) և « Կիբերնետիկայի մուսան » ( Նկար 6 ․ 1-6 ․ 6 )․ սրանք մարդ-քաղաք թեմատիկան ամփոփող հիմնական ստեղծագործություններն են , որոնք թեպետ ունեն միևնույն գաղափարական հենքը , գլխավոր կերպարն ու ուղերձը , այնուամենայնիվ տարբերվում են կատարմամբ ու ֆորմալ առանձնահատկություններով ։
« Մեծ քաղաքը ՝ քաղաքակրթության խորհրդանիշը , իր մեջ տարրալուծում է մարդու անհատականությունը , ոչնչացնում նրան ․․․» Ե ․ Քոչար
Մարդ-Քաղաք կերպարը , գաղափարաբանության էությունը
Մարմնի ճեղքերն ասես արահետներն են մարդ-քաղաքի մակերեսայնությունից դեպի վերջինիս անընթեռնելի , անտեսանելի ներքին դատարկությունը , ուր ի հակադրություն մարմնի կորությունների ու նրբության ( օրինակ « Հոմո Սապիենսում ») վեր են խոյանում ուղղանկյունաձև երկնաքերեր ՝ ներքին օրգանների փոխարեն ։ Մարդ-քաղաքն ունի կենդանի ջերմության կարիք ․ սառը երկնաքերերն ու մեքենայացումը հյուծում են իր հոգին ։ Այս շարքի բոլոր ստեղծագործություններում կերպարներն արտահայտում են իրենց անհատակ մելանխոլիան , սակայն զգացմունքի թեկուզև նման արտացոլումը մարմնում կյանքի առկայության ազդանշան է տալիս ։ Մարդու և քաղաքի նման սերտաճմամբ Քոչարն իրազեկում է , թե որքան կործանարար է արդյունաբերացման շարունակական միջամտությունը մարդկային բնակերտ կյանքին ։
Կարելի է նկատել , որ 20-րդ դարասկզբի մոդերնիստական շարժումները անմիջական ազդեցություն են ունեցել Մարդ-քաղաք հերոսի ստեղծման գործում ( հատկապես այն դեպքում , երբ Քոչարը ստեղծագործում և ցուցադրվում էր ժամանակի ամենահայտնի մոդերնիստ գործիչների հետ , օր ․՝ Պաբլո Պիկասսո , Ֆերնանդ Լեժե , Ջորջիո դը Կիրիկո , Մարկ Շագալ և այլն )։ Ուրբանացման հետևանքներն ամփոփված են մարդ-քաղաքի աղճատված կերպարանքում , որն առաջին հայացքից նման է մարդաշեն մի կիբորգի ․ դա ամենևին էլ այդպես չէ ։ Մարդ-քաղաքն ինքը ՝ մարդկությունն է , մարդու վերածնվելու ցանկության մատերիալիզացումը ։ Անպատմելի մելամաղձությամբ պարուրված այս կերպարն անվերջ խմորվող մարդկային զգացմունքների կծիկ է , որ վաղ թե ուշ կա ՛ մ պիտի վերադառնա հոգևորի աստվածահաճո հավասարկշռությանը , կա ՛ մ վախճանվի անէականությանը ձգտելու ճանապարհին ։
Քոչարը մարդ-քաղաքի կերպարային առանձնահատկություններով նպատակ ունի ի ցույց դնել ձևավորված ֆորմայի իրական կառուցվածքը ։ Մարդ-քաղաքը մարմնի վրա ունի և ՛ արական , և ՛ իգական բարեմասնություններ ։ Բնականից սեփական պատկերացումները , պահանջներն ու ձգտումներն իրար մեջ տեսնել ցանկացող , իրենց էություններով այդքան տարբեր կինն ու տղամարդը սինթեզվել են միևնույն մարմնում , դարձել մեկ բնություն և գաղափար ։ Նրանք զրկված են միմյանց բնականորեն փոխլրացնելու , սիրելու և հետևաբար նաև վերարտադրվելու հնարավորություններից ։ Հոգևոր միությանը խոչընդոտող ֆիզիկական միահյուսումը կյանքի երկբևեռականության անէականացումն է և մարդկային կյանքի շարունակելիության կոնֆլիկտի սկիզբը ․ Քոչարի ստեղծած կերպարը նախազգուշացումն է մարդու մշտնջենական կյանքի հնարավոր դադարի մասին ։
Նկար 3 ․ Երվանդ Քոչար - « Երկփեղկվածը », 1954թ
Նկար 4 ․ Երվանդ Քոչար - « Հոմո Սապիենս », 1933
https :// kochar . am / collection / https :// kochar . am / collection /
2