Էլեկտրոնային ուղեցույցի մասին
Էլեկտրոնային ուղեցույցի մասին
‹‹Բացահայտենք Երևանը›› ինտերակտիվ ճամփորդական ուղեցույց է, ինչը նախատեսված է օգնելու այցելուներին իրենց ժամանակը արդյունավետ և հաճելի անցկացնել Երևանում և նրա շրջակայքում: Էլեկտրոնային ուղեցույցն առաջարկում է ծրագրերի մեծ ընտրանի` սկսած ամենօրյա այցելություններից մինչև հասարակական- մշակութային
տոնական միջոցառումներ, ինչպես նաև՝ օգտագործման ուղեցույց: Քաղաքը և նրա հարակից տարածքները պատկերավոր ներկայացնելու համար ուղեցույցում ընդգրկված են տեսանյութեր, ճանաչողական վիրտուալ շրջագայություններ, նկարներ, եռաչափ նկարներ և համայնապատկերներ, հետաքրքրաշարժ պատմություններ քաղաքի մասին, ինտերակտիվ քարտեզներ և այլն: Էլեկտրոնային ուղեցույցը լի է պատմական, հասարակական և ժողովրդագրական հարուստ տեղեկություններով. սա հրաշալի հնարավորություն է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են քաղաքի մասին տեղեկություններ ստանալ ` մտովի շրջագայելով քաղաքում:
Գլուխ 1-ը, որը կրում է ‹‹Երևանի պատմությունը›› խորագիրը, ներկայացնում է վիրտուալ այցելություն դեպի քաղաքի պատմական անցյալ: Այն հագեցած է հարուստ տեղեկություններով, որոնք անհրաժեշտ է իմանալ՝ այժմյան քաղաքի և նրա շրջակա տարածքների պատմությունը և մշակույթը հասկանալու և գնահատելու համար:
Գլուխ 2-ը` ‹‹Նախնական տեղեկություններ Երևանի մասին. Բարի գալուստ Երևան›› խորագրով, տրամադրում է հիմնարար տեղեկություններ, որոնք յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է իմանա նախքան ուղևորությունը, ինչպես նաև ժամանումից
հետո: Այս գլխում առկա են այն բոլոր հիմնական տեղեկությունները` սկսած մուտքի արտոնագրից և երկրի մասին կարևոր փաստերից մինչև երթևեկություն և մշակութային միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուրին Երևան այցելելիս:
Զմայլվե´ք քաղաքի գեղեցկությամբ Գլուխ 3-ում` ‹‹Շրջագայություններ Երևանում և մերձակայքում››: Այն հնարավորություն է տալիս տեսնելու քաղաքն իր ամբողջ գեղեցկությամբ: Այս գլխի նպատակն է այցելուների համար կազմակերպել 6 մեծ շրջագայություն, որից երեքը քաղաքի ներսում է, իսկ մյուս երեքը` մերձակա տարածքներում: Նրանք, ովքեր սահմանափակ ժամանակ ունեն քաղաքում անցկացնելու համար, կարող են հետևել առաջարկություններին և յուրաքանչյուր շրջագայությանը տրամադրել մեկ օր: Իսկ նրանք, ովքեր երկար ժամանակով են քաղաքում, կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել՝ քաղաքը բացահայտելու համար: Գլուխը հագեցած է տարածքի վերաբերյալ փաստերով և պատմություններով, ինչպես նաև գործնական տեղեկություններով, քարտեզներով, որոնք աշխատում են ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: Այս ամենը կօգնի այցելուներին արդյունավետ կազմակերպել իրենց ժամանակը: