Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Մասիսի հյուսիսարևելյան լանջին վաղ միջնադարում հիմնվել է Սուրբ Հակոբի վանքը, որից ոչ հեռու բխում էր սառնորակ աղբյուր: Նախկինում այդ աղբյուրը նվիրված էր Անահիտ աստվածուհուն և կոչվում էր Անահտական: Ժողովուրդն աղբյուրին վերագրում էր բուժիչ հատկություն: Ջրով ցողում էին նաև դաշտերը՝ բերքը մորեխներից պաշտպանելու համար: Վանքն ու աղբյուրը, ինչպես նաև հարևան հինավուրց Ակոռի գյուղը կործանվել են 1840 թ. երկրաշարժի ժամանակ: Իսկ Մասիսի հյուսիսարևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է «Մասյաց վիհ» (Մասիսի փոս) անունով, մոտ 10 կմ երկարությամբ ձգվում է գագաթից մինչև ստորոտ, և մերձգագաթնային մասում ունի ավելի քան 1000 մ խորություն: Մասյաց վիհի առաջացումը պատմահայր Մովսես Խորենացին կապում է 139 թ. ահեղ երկրաշարժի հետ: Երկրաշարժերն այստեղ կրկնվել են նաև 1319, 1679, 1840, 1887 թվականներին: Ըստ հնագույն ժողովրդական մի զրույցի՝ Մասյաց վիհում շղթայված է հայոց ահեղ թագավոր Արտավազդը, որն իր հավատարիմ գամփռների օգնությամբ ջանում է ազատվել կապանքներից և տիրել աշխարհին:
63