Հայկական լեռնաշխարհի կլիման պայմանավորված է նրա դիրքով և բարդ ռելիեֆով։ Հայկական լեռնաշխարհի մեծ մասում կլիման չոր է և ցամաքային, քանի որ այն շրջակա ծովերից անջրպետված է բարձր լեռնաշղթաներով։ Ամռանը խիստ շոգ է, ձմռանը` ցուրտ։ Սառը օդի զանգվածների ներխուժումը լեռնաշխարհ առաջ է բերում ձյան առատ տեղումներ տարածքի մեծ մասում։ Եզրային լեռնաշղթաները ձյունածածկույթը պահպանում են տարվա ցուրտ եղանակի ողջ ընթացքում, իսկ Արարատ լեռը մշտապես ծածկված է ձյան շերտով։ Ցածրադիր վայրերում տեղումները սակավ են, և այդ պատճառով երկրագործությունը հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման։ Բնակչությունը դեռ հին ժամանակներից արհեստական ոռոգման նպատակով անցկացրել է ջրանցքներ ու առուներ, որոնցից հատկապես նշանավոր է Ք.ա. 9-րդ դարում Մենուայի (Ք.ա. 810-786 թթ.) կառուցած ջրանցքը, որը հայտնի է նաև Շամիրամի ջրանցք կամ Շամիրամի առու անուններով: Ըստ բնակլիմայական պայմանների` Հայկական լեռնաշխարհը բաժանվում է երեք գոտու։ Ցածրադիր գոտում, որն ունի ծովի մակերևույթից 350-1000 մ բարձրություն, աճում են խաղող, բամբակ, ծիրան, նուռ, դեղձ, թուզ, բրինձ և այլն։
55