37
գետի ափին մի բլուրի վրա և իր անունով կոչում է Արմավիր, իսկ գետը կոչում է Երասխ՝ իր թոռան՝ Երաստի անունով»։ Արաքսը նավարկելի չէ: Նրա վրա շատ կամուրջներ են եղել։ Դրանցից ամենանշանավորները հինգն էին՝ Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում։ Ջուղայի կամրջի շինությունն ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն (Ք.ա. 356-323)։ Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով: Մովսես Խորենացու (5-րդ դար) վկայությամբ, գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների՝ Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, որի արդյունքում կամուրջները կործանվել են: Պատահական չէ, որ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը (Ք.ա. 54-19 թթ.) Արաքսն անվանել է «Կամուրջներ չհանդուրժող Երասխ»։
Արաքս գետը գովերգվել է և՛ տեղական, և՛ օտար պատմիչների ու գրողների կողմից: Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիուսը (Ք.ա. 1-ին դար) Արաքս գետը պատկերել է իբրև հայ ազգի ուժի, ինչպես նաև նրա ազատատենչության և ըմբոստ ոգու խորհրդանիշ: Գետի մասին գրված ամենահայտնի բանաստեղծություններից է Ռափայել Պատկանյանի (1830-1892 թթ.) «Արաքսի արտասուքը»: