ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 17

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Բիբլիական Արարատը

Արարատը հայ ժողովրդի սրբազան լեռն է, ազգային խորհրդանիշը: Նրա շուրջ բազում առասպելներ ու ավանդություններ են հյուսվել:

Ըստ Աստվածաշնչի՝ այն եղել է Ջրհեղեղից փրկված Նոյյան տապանի հանգրվանը: Այդ պատճառով ճանաչված է նաև «Նոյյան լեռ» կամ «Նոյյան տապանի լեռ» անուններով: Այդ մասին են վկայում Աստվածաշունչը և մեզ հասած բազմաթիվ գրավոր աղբյուրներ: Հին Արևելքին հաջորդած գրավոր ավանդությունը (Բերոսոս, Ալեքսանդր Բազմավեպ, Աբյուդենոս, Հովսեպոս Փլավիոս, Եվսեբեոս Կեսարացի, Մովսես Խորենացի և ուրիշներ), հիմնվելով հինմիջագետքյան աղբյուրների վրա, փրկության երկիր է համարում Հայաստանը: Ըստ Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն» աշխատության` հայերը Նոյյան տապանի հանգրվանելու լեռն անվանել են «իջնելու տեղ»: Աստվածաշնչում որպես փրկության վայր Արարատի լեռներն են հիշատակվում (Ծննդոց, 8:1-4): Արարատ լեռան և Նոյյան տապանի մասին բազմաթիվ հիշատակումներ են պահպանվել նաև տարբեր ժողովուրդների ավանդազրույցներում:

17