ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 13

Հայկական լեռնաշխարհի տարածքի նշման հարցում պատմաբանների ու աշխարհագետների ուսումնասիրություններում առկա են որոշ տարբերություններ, քանի որ հայ ժողովրդի երկարամյա պատմության ընթացքում հայկական պետական-քաղաքական միավորների սահմանները, մասամբ նաև հայերով ստվար բնակեցված տարածքները ենթարկվել են փոփոխությունների, իսկ հնագույն շրջանի վերաբերյալ պատմական սկզբնաղբյուրները սակավաթիվ են: Ժամանակակից ուսումնասիրողների մի մասը Հայկական լեռնաշխարհի սահմանները հյուսիսից հասցնում է Փոքր Կովկասի, հարավից՝ Հայկական Տավրոսի, արևմուտքից՝ Անտիտավրոսի, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտոսի լեռներին, արևելքից՝ Կասպից ծովին և Ուրմիա լճին։ Ուսումնասիրողների մյուս մասն էլ գրեթե նույն տեղեկությունն է հայտնում, միայն այն տարբերությամբ, որ Հայկական լեռնաշխարհի սահմանները արևելքում հասնում են Կուր և Արաքս գետեր: Այդ սահմանների միջև ընկած կենտրոնական ու ամենաբարեբեր տարածքը հաճախ անվանվել է Միջնաշխարհ։ Միջնաշխարհը կտրտված է լեռներով, դաշտերով ու հովիտներով։ Պոնտոսի լեռները հյուսիս-արևմուտքից Հայկական լեռնաշխարհը բաժանում են Սև ծովի ափերից:

13