Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 8

Նրանք անցան անվերջանալի թվացող մի միջանցքով, որը մի կողմից եզերված էր պարտեզին նայող կամարաձև բացվածքաշարով, իսկ մյուս կողմում մարմարե նարնջագույն պատը ծածկված էր Խոսրով Մեծի պատերազմները հավերժացնող իրականաչափ զարդաքանդակներով։ Երբ հասան գահասրահի դռներին, Բաթ իշխանը պատրաստակամորեն կողմ քաշվեց՝ արքային առանձնանալու հնարավորություն ընձեռելով։ Սակայն Պապը ձեռքի հրավիրող նշանով հասկացրեց, որ ցանկություն ունի շարունակել զրույցը և իշխան կարող է ներս անցնել։ Դա նաև Երեմիային էր վերաբերում։ Պատանիները մնացին դռների մոտ։ Սրահը, ուր նրանք հայտնվեցին, օծված էր անուշահոտությամբ, քանի որ մետաքսապատ որմնախորշերում, ինչպես նաև գավիթ նայող լուսամուտների գոգին, խեցե զամբյուղների մեջ հալիբոնյան յուղ էր այրվում։ Գորգազարդ պատի տակ կաշեպատ երկտեղ բազմոց էր դրված, եգիպտական արնագույն կերպասով ծածկված երեք օթոց, իսկ դրանց առջև, միոտանի կլոր սեղանին պնակիտներ էին դարսդարսված։ Լուսամուտները քողարկող ծիրանագույն վարագույրներն այդ պատկերը ողողել էին թույլ բոսորով։ Այդ նույն միջոցին, երբ մայրեփայտե դուռը փակվեց նրանց ետևից, գալարափողերի զրնգուն աղմուկ արձագանքվեց Խոսրով թագավորի հիմնած պալատում. այդ պատժիչ ջոկատն էր մեկնում հարավ։ Սրահում այնքան էլ լուսավոր չէր, և արքան վառեց կանթեղների խուրձը, որ բրոնզե շղթաներով կախված էր առաստաղից, ապա նստեց սեղանի դիմաց։ Բաթ իշխանին ևս հրավիրեց նստել, բայց զորապետը գերադասեց մնալ կանգնած և հզոր բազուկները կրծքին հավաքած՝ արքային նայում էր մտահոգ հայացքով։ Երեմիան հեռու մի անկյունում ինչ-որ բան էր գրառում։