Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 6
լինի նաև ձեզ համար։ Ու սա իմ քմահաճությունը չէ. սա՛ է
պահանջում Հայոց Աշխարհի շահը և ապագան։ Սա՛ են մեզ
պատգամել մեր նախնիները։ Ու մեզանից յուրաքանչյուրի
վարքը չափվելու է հենց այդ արժեքներով. եթե որևէ արարք
կհզորացնի մեր երկիրը, ապա այն կատարողը կարժանանա
պանծանքի։ Եվ վա՜յ նրան, ում վարքը կթուլացնի այդ
հզորությունը։ Ոչ ոք, ով կմեղանչի, թող ներման հույս չունենա։
Թեկուզ նա լինի իմ ամենահարազատ անձը, որդի՛ս անգամ։
Արքան բազմեց գահին, ձեռքն առավ գայիսոնը։ Ամենքին պարզ
դարձավ, որ նա հիմա կարձակի իր առաջին հրովարտակը։
— Արհավիրքները գալիս են որպես պատիժ
անմիաբանությանը։ Իսկ դրանք սերմանում են հատկապես
նրանք, ովքեր վտանգի դեպքում հարում են թշնամուն։ Նման
մարդկանց մեր նախնիները չեն ներել։ Եվ ահա, հարցնում եմ
ձեզ, մի՞թե ես անարդար կլինեմ, եթե նախնյաց օրենքով
պահանջեմ որձակոտոր անել բոլոր այն տոհմերը, ովքեր լքեցին
իրենց արքային ու իրենց զորությունը տվեցին Շապուհին։
Տագնապ ու սարսուռ երևաց սրահում գտնվողների դեմքերին։
— Երեմիա՛,— ձայնեց արքան։
Գրագիրն առաջ եկավ՝ ձեռքին սոճյա մի տախտակ և կնիք
մատանե, ու խոնարհ ողջույն տվեց։
— Սպարապե՛տ հայոց,— կանչեց արքան։
Մուշեղ իշխանը ևս առաջ եկավ, ձգվեց։
— Ահա կամքն արքայական, որ գալիս է Արարիչից. ես, Հայոց
Աշխարհի Պապ Արշակունի թագավորս, կարգադրում եմ՝
կալանավորի՛ր և չարաչար պատիժների ենթարկի՛ր այն
նախարարներին և իշխաններին, ովքեր թագուհուն լքել ու
պարսից թագավորի պատիվներին էին արժանացել։
Սպարապետն աջը դրեց կրծքին որպես
պատրաստակամության հավաստում։ Իսկ մնացյալը
կարկամած էին լսածից։