Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 148
դժոխքի կվերածվի ձեր ժառանգների օրոք այժմյան արարքի
պատճառով։ Ու երկրային այդ դժոխքից ազատվելու համար
փրկություն կաղերսեն աշխարհի բոլոր կողմերում, բայց այն չի
գա և կլան հուսակոտոր։ Չի՛ գա, քանի որ փրկությունը
սպանվեց օրեր առաջ։
Այս ասելով Նուրծ Րան ետ-ետ գնաց, հրաժեշտի խոնարհում
արեց ու շրջվելով՝ քայլեց փոշոտ ճանապարհով։
Եվ հեռանալով փոքր ինչ՝ ասաց ինքն իրեն.
— Եվ կլինի այսուհետ խավար, և կլինի մայրամուտ։
— Եվ որքա՞ն երկար,— կարեկից ձայնով կանչեց Բաթ իշխանը
նրա հետևից։
Նուրծ Րան առժամանակ քայլեց առանց արձագանքելու, ասես
մտորում էր պատասխանի վրա։ Հետո մեղմ քամին իշխանին
հասցրեց նրա խոսքերը.
— Մինչև Արարիչը բարեհաճի ձեր կողմից սպանված
թագավորին նորեն ուղարկել ձեր երկիր։ Եթե, իհարկե, դուք
արժանի լինեք դրան։