Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ

— Մի՞թե իմ հայրը, ձեր բոլորի թագավորն ու Հայոց Աշխարհի արքան, վայրի մի հալածական կենդանի էր, որ հարկադրված էր պատսպարվել Վիրքի անտառներում, որպեսզի չխողխողեին իրեն ի՛ր իսկ հպատակները։ Ձե՛զ եմ հարցնում բդեշխնե՛ր պատվելի, նախարարնե՛ր, իշխաննե՛ր, հոգևորականնե՛ր և արքունի պալատականնե՛ր, որ իմ գահակալության մուտքի պատվին ժողովվել եք ահա Դվինում։ Աստծո դեմ այդ ի՞նչ մեղք էր գործել նա, ով նույն այդ Աստծո ընտրյալն էր ու հովանավորյալը։ Որպես Աստծո փոխանորդ Հայոց Աշխարհում՝ նա չէր կարող մարդկանց դեմ մեղք գործել, ու դա չափելն էլ Աստծո գործն է և ոչ մահկանացուների։ Այդ դեպքում ինչի՞ համար էր նա դարձել հալածյալ իր իսկ հպատակների կողմից։ Ո՞վ կպարզի դա ինձ և կարդարացնի արարքը խռովարարների, որի արդյունքում հայոց զորքը երկատված կռվում էր ինքն իր դեմ, իսկ օտարներն էլ, օգտվելով դրանից, ավերեցին թե՛ հյուսիսի և թե՛ հարավի գավառները։ Ինչո՞ւ եղավ այդպես, տիարք, հարցնում եմ ահա, ձեզ՝ որպես ձեր թագավոր ու ձեր զավակ, քանզի ամենքդ այստեղ ինձանից տարիքով եք առնվազն երկու անգամ։ Արքան իրականում պատասխանի չէր սպասում և ոչ էլ պարզաբանման։ Ու թավ հոնքերի տակից մռայված նայելով գահասրահում ըստ աստիճանի տեղ գրաված երեք հարյուրյակ երևելիներին՝ ետ և առաջ էր քայլում անմիջապես գահի առջև։ — Եվ ինչո՞ւ կաթողիկոս Ներսեսը, որ վատառողջության պատճառով ներկա չէ, որպես երկրի հոգևոր հայր, հաշտության ցուպն առած, չէր դեգերում արքայական տոհմի երկու ճամբարների միջև, և ճշմարտության ու խաղաղության բերում իր ժողովրդին։ Կամ դու, կաթողիկոսական տեղապահ Խադ,— արքան կտրուկ շարժումով դարձավ դեպի վերջինս,— ինչո՞ւ դու ինքդ այդ անելու փոխարեն անխռով նստած էիր Դվինում ու անհոգ հետևում էիր, թե կողմերից որը կհաջողեցնի ոչնչացնել մյուսին։ Չունեի՞ր բավարար հարգանք նրանց մոտ, որ քո