Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Seite 85

Դաշույնների հախուռն հարվածներ իջան նրա վրա ։ Միմյանց հրմշտելով ՝ հռոմեացիք կատաղությամբ խփում էին նրա թիկունքին , գլխին , դեմքին ։
Կալիգուլան կծկվեց հարվածների թափից , բայց արժանապատվությունը նրան ստիպեց կանգնել դավադիրների դեմ ողջ հասակով ։
― Ես ո ՛ ղջ եմ , սողուններ ,― գոչեց նա և ջանաց ուղղվել , սակայն նրա մկանները կտրտված էին արդեն ու միախառնված հագուստի ծվեններին ։ Նա պաշտպանվելու որևէ փորձ չարեց , ասես խառնիխուռն թևաթափահարումներն իրեն ոչ թե մահ , այլ զով էին բերում ։
― Ես չե ՛ մ մեռնելու ՝ որքան էլ խոցեք . դուք ինձ կսպանեք , բայց չե ՛ ք կարող մեռցնել ձեր խայտառակության հուշը . ու քանի դեռ այն կա , ես ապրելու եմ ։
Արնաքամությունից ուժասպառ ՝ նա ծնկի եկավ ։ Դավադիրներն ինքնամոռաց մոլեգնությամբ դաշունահարում էին նրան ։
― Դուք ինձ պատմությանը որպես խելառ կմատուցեք ՝ ձեր ոչնչությունը քողարկելու համար ,― կանչեց Կալիգուլան մարդկային խուռնված կույտի միջից արդեն նվաղող ձայնով ,― բայց դա չի հաջողվի , քանզի ճշմարիտը կհայտնվի նորից , երբ Աստվածը երկրի վրա կլինի երկու հազար տարեկան , իսկ դա ակնթարթ է Նրա համար ։
Նրա դեմքին քամահրական համր ժպիտ երևակվեց , որն այլայլվեց անմիջապես հոգեվարքի ջղաձգումից , և նա անշնչացած տարածվեց մարջանե սալահատակին , որ ինքն էր կառուցել , ու արտաբերեց մի քանի բառ , որ չլսեց ոչ ոք .
― Աշխարհը մնաց կարգի բերելու ․․․
Վերջ