ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 9

ՀԱՅ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ( 1926-1998)
Բոլորեց անցյալ դարի հայագիտության անվիճելի առաջատարներից և հայ արևելագիտության հիմնադիրներից մեկի` ակադեմիկոս Գագիկ Խորենի Սարգսյանի ծննդյան 90-ամյակը:
Ակադեմիկոս Գ. Սարգսյանը պատկանում էր գիտնականի այն եզակի տիպին, ով միևնույն հաջողությամբ զուգակցում էր գիտական գործունեությունը գիտակազմակերպական բարդ ոլորտի հետ: Գ. Սարգսյանի գիտակազմակերպական գործունեության լուսապսակը, անկասկած, նրա շուրջ քառորդդարյա տնօրինությունն էր նորաստեղծ Արևելագիտության ինստիտուտում:
Գ. Սարգսյանը իրեն հատուկ նպատակասլացությամբ ավանդական գիտական ուղղությունների կողքին ստեղծեց նորերը, այն է` կովկասագիտության, սեպագրագիտության և արևելյան աղբյուրագիտության բաժիններ: Հայ արևելագիտության ձևավորման և կայացման ու միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման գործում նրա ներդրումն անվիճելի է: Գ. Սարգսյանը հեռու էր կանգնած նեղ գավառական մտայնությունից և համոզված էր, որ հայ արևելագիտությունը և ընդհանրապես հայագիտությունը այլևս չեն կարող գոյատևել նեղ ազգային շրջանակներում: Անհրաժեշտ են իրենց մասնագիտությանը և օտար լեզուներին լիակատար տիրապետող գիտական կադրեր, ովքեր կարող են հայաստանյան գիտությունը դուրս բերել միջազգային լայն ասպարեզ: Այդ նպատակով նա իր ղեկավարած Արևելագիտության ինստիտուտում ձեռնարկեց այդպիսի կադրերի պատրաստության բարդ գործը: Մի քանի տասնյակ երիտասարդներ գործուղվեցին Խորհրդային Միության առաջատար գիտական կենտրոններ` Մոսկվա, Լենինգրադ, Թբիլիսի և այլ քաղաքներ, ովքեր վերադառնալով հիմք դրեցին Հայաստանում դասական արևելագիտությանը: Գ. Սարգսյանի նպատակը տեղում գիտական դպրոցների հիմնումն էր, ինչը թույլ կտար արդյունավետ կազմակերպել հաջորդող սերունդների պատրաստման գործը: Եվ դա նրան հաջողվեց: Գ. Սարգսյանին այս երախտավոր ձեռնարկման մեջ լիուլի աջակցում էր նրա մերձավորագույն գործընկեր և ընկեր, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գ. Տիրացյանը:
Գ. Սարգսյանը Արևելագիտության ինստիտուտի իր համախոհների հետ միասին( Հ. Ինճիկյան, Ն. Հովհաննիսյան, Պ. Մուրադյան, Ն. Հարությունյան) հիմնեց մի շարք արևելագիտական պարբերականներ, որոնց մի մասը ներկայումս էլ շարունակվում է հրատարակվել( Մերձավոր և Միջին
9